Այսօր՝ հուլիսի 28-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում կայացավ Սամցխե-Ջավախքի Առաջնորդական Փոխանորդության «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Զարթոնք» պարի խմբի հաշվետու համերգը: Այնուհետև տեղի ունեցավ պարի տոն՝ «Զարթոնք» և «Վաչիան» պարային խմբերի մասնակցությամբ:
«Զարթոնք»-ի հաշվետու համերգը տևեց մոտ մեկ ժամ, որից հետո «Զարթոնք»-ին միացավ «Վաչիան» պարային համույթը, և, ավանդույթի համաձայն՝ անցկացրին պարատոն:
«Զարթոնք» պարային խմբի հիմնադիր, պարուսույց Նասլեթ Քեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջնորդությամբ և օրհնությամբ Առաջնորդական փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանի իրականացնում են բազում պարային ծրագրեր և մասնակցում փառատոնների:
«Ամեն տարի տարեկան հաշվետու համերգ ենք ունենում․ ի՞նչ նոր բան ենք արել, ի՞նչ նոր պարեր ենք սովորել, ամենը ներկայացնում ենք: Խմբի հիմնական նպատակն է ավանդական պարերը ոտքի կանգնեցնել և տարածել: Պարում ենք միայն ավանդական պարեր: Տարեկան ունենում ենք այցելություններ, շրջագայություններ Թբիլիսի, Բորժոմի, Ախալցիխե, Երևան, Էջմիածին: Մասնակցում ենք շատ փառատոնների: Եվ, իհարկե, համաձայն մեր արդեն ձևավորված ավանդույթի՝ եկեղեցու բակում իրականացնում ենք պարի օրեր, տարեկան երեք-չորս անգամ, կամ մեկ ամիս շարունակ ամեն ուրբաթ օր»,- ասաց Նասլեթ Քեյանը:
«Զարթոնք» պարային խումբը գործում է 2016 թվականից: Խմբի աշխատանքը եղել է անվճար հիմունքներով: Այնուհետև առաջնորդարանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել պարուսույցին, և խումբն արդեն գործում է Առաջնորդարանի հովանու ներքո:
Ի սկզբանե «Զարթոնք»-ը բաղկացած է եղել երկու տարիքային խմբից՝ հիմնական և փոքրերի: Մեծերի խումբը բաղկացած է 13 տարեկանից 20 և բարձր տարիքի երիտասարդներից, իսկ փոքրերինը՝ 5 տարեկանից մինչև 7-8 տարեկան: Պարուսույցի խոսքով, այս պահի դրությամբ խմբում մոտ 70 երեխա կա: Պարապմունքներն ընթանում են շաբաթվա ընթացքում երկու օր՝ ժամ ու կես տևողությամբ:
Այսօր երեխաներին անակնկալ էին պատրաստել էին, նրանք արդեն «Զարթոնք» գրությամբ վերնաշապիկներ ունեն, ինչպես նաև Առաջնորդարանում՝ տարազներ:
«Կամաց-կամաց առաջնորդարանի հետ աշխատում ենք տարազների հարցը լուծել, ինչպես նաև ծնողների: Քանի որ մեր երեխաները հաճախում են մեր մոտ անվճար, մենք էլ սպասում ենք մինչև Առաջնորդարանի և բարերարների միջոցով տարազներ կարենք, շրջագայությունների մեկնենք»,- հավելեց պարուսույցը:
«Զարթոնք» խմբի հիմնական գաղափարն ու հետագայի ծրագիրն է՝ երեխաների միջոցով հայկական ավանդական պարերը հասանելի դարձնել բոլորին:
«Մեր գաղափարի մեջ մտնում է մշակույթի տարածումը, այն հասանելի դարձնել փոքրից ամենամեծ տարիքի մարդկանց, և ստեղծել համապատասխան միջավայր, որ մարդիկ կարողանան շատ հանգիստ գալ և պարել: Հետագայում ունենք մեծ ծրագիր պարատոնը իրականացնել տարեկան շատ անգամ, ամեն քաղաքում, ամեն գյուղում, ամեն փողոցում: Այո, կան շատ խմբեր, բայց պետք է սովորեցնել պարը ճիշտ մատուցել: Պարն ուղակի շարժում չէ, աջ կամ ձախ, այլ մարդը պետք է գիտակցաբար պարի պարը: Մենք ի սկզբանե ձեռնամուխ ենք եղել և պետք է շարունակական բնույթ կրի այն, որ ճիշտ և գրագետ պար մատուցվի մարդկանց», – եզրափակեց Նասլեթը: