Այսօր՝ փետրվարի 9-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք,իսկ երեկ՝ փետրվարի 8-ին՝ վարակման 55 դեպք։ Կորոնավիրուսով հիվանդացությունը շրջանում շարունակում է մնալ գագաթնակետում։
Նշենք, որ ոչ բոլոր հիվանդներն են թեստավորվում, թեև, այնուամենայնիվ, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում ամեն օր ավելանում են կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերը։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում այսօր իրականացվել է կորոնավիրուսի 183 թեստ, որից 138-ը՝ հակագենի, 45-ը՝ PCR։ Երեկ՝ փետրվարի 8-ին, կատարվել էր 197 թեստ, որից 160-ը՝ հակագենի, 37 -ը՝ PCR, որի արդյունքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 55 դեպք։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 442 մարդ ինքնամեկուսացման մեջ է։ Նշենք, որ կորոնավիրուսի բոլոր հայտնաբերված դեպքերը հիմնականում ունեն Omicron շտամի ախտանշանները, թեև մինչ այժմ մունիցիպալիտետում պաշտոնապես գրանցվել է Omicron-ի միայն մեկ դեպք։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ այսօր առաջարկ – նամակով դիմել են Կրթական ռեսուրս կենտրոն, Հոկամ գյուղի դպրոցը կարանտինի նպատակով փակելու համար։
Այս պահին մունիցիպալիտետում հեռավար ուսուցման ռեժիմով աշխատում է 5 դպրոց։