In vitro (արտամարմնային) բեղմնավորման ծառայությունից (սուրոգացիա) կարող են օգտվել միայն այն զույգերը, ովքեր ամուսնացած են կամ առնվազն 1 տարի փաստացի համատեղ կյանք են վարում: Այս մասին նշված է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հրամանում:
Այս դեպքում տղամարդու և կնոջ համակեցությունը պետք է նոտարով վավերականացված լինի:
«Տղամարդու և կնոջ փաստացի համակեցությունը պետք է նոտարով վավերականացված լինի համապատասխան փաստաթղթերով (նույն հասցեում գրանցման փաստը հաստատող տեղեկատվական-հասցեագրման քարտ, քաղվածք պետական ռեեստրից, որը հաստատում է ընդհանուր գույքի համատեղ տիրապետման փաստը), կրոնական ամուսնություն կնքելու մասին փաստաթուղթը», – գրել է Ծուլուկիանին փոփոխություններում, որը նախաձեռնվել էր Քաղաքացիական վիճակի ակտերի գրանցման մասին օրենքով:
Օրենքում ամրագրված են նաև սուրոգատ մոր և երեխայի գենետիկական ծնողների իրավունքներն ու պարտականությունները:
«Նոտարական կարգով վավերականացված պայմանագիրը կնքվում է հղի կնոջ և գենետիկական ծնողների կամ հղի կնոջ, կամ գենետիկական ծնողի, այն անձի, որը պետք է գրանցվի որպես երեխայի ծնող ծննդյան վկայականում (ով երեխայի գենետիկական ծնողը չէ) և դոնորի միջև, կամ երեխան ծնող կնոջ, ամուսնական զույգի և դոնորների միջև», – ասվում է փաստաթղթում:
Արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնված երեխայի ծնողները համարվում են՝ գենետիկական ծնողները, գենետիկական ծնողը և այն անձը, որը ծննդյան վկայականում պետք է գրանցվի որպես ծնող (համաձայն պայմանագրի):
Բացի այդ, չի թույլատրվում դոնորին կամ սուրոգատ մորը ծննդյան վկայականում նշել որպես երեխայի ծնող:
Հրամանագրի առաջին գլխի առաջին կետն ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 15-ից, ինչ վերաբերում է սուրոգատ մոր և գենետիկական ծնողների միջև կնքված պայմանագրի դրույթներին, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականի հետ կապված բացատրություններին, այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից: