Վրաստանում ձերբակալել են 22-ամյա տղայի, ով Ֆեյսբուքում այլ անձանց անունից խնդրել է իրեն պարտքով գումար տալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մեղադրյալը ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է կեղծ էջեր՝ օգտագործելով կոնկրետ մարդկանց անուն-ազգանունները, ինչպես նաև նրանց լուսանկարները։ Այս էջերից նա կապ է հաստատել տարբեր մարդկանց հետ, վստահություն ձեռք բերելուց հետո խնդրել է պարտքով գումար տրամադրել»,- հայտնում են գերատեսչությունից։
Այսպիսով, չարագործին հաջողվել է խաբել մի քանի քաղաքացիների։
Կասկածյալին բերման են ենթարկել կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները՝ դատարանի որոշման հիման վրա։ Ըստ ՆԳՆ-ի՝ երիտասարդն արդեն նախկինում դատապարտված է եղել և այժմ պայմանական պատիժ է կրում։
Այժմ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել խարդախության մեջ։ Նրան սպառնում է վեցից ինը տարվա ազատազրկում։