Այսօր, ապրիլի 1-ին Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, ճեպազրույցի ընթացքում, կետ առ կետ բացատրեց այն նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտել համընդհանուր կարանտինի հայտարարման հետ միասին:

Ախալքալաքի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է հետևել կանոններին և նախազգուշական միջոցներին, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը տարածաշրջանի, և ընդհանրապես, ամբողջ երկրի առողջությունն է:

1. Յուրաքանչյուր անձ, ամեն օր, քաղաքում շրջելիս, իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, նույնականացման քարտ:

2. Արգելվում է հասարակական տրանսպորտով երթևեկությունը:

3. Թույլատրվում է տեղաշարժվել միայն մեքենաներով, նաև տաքսիով:

4. Մեքենայում պետք է նստեն ոչ ավելի, քան 3 մարդ, ներառյալ վարորդը, բոլոր ուղևորները պետք է նստեն հետևի նստատեղին:

5. Արգելվում է մեկ վայրում հավաքել ավելի քան 3 հոգի, բացառությամբ մթերային խանութների և դեղատների, որտեղ անհրաժեշտ է պահպանել 2 մետր սոցիալական հեռավարություն:

6. Արգելվում է փողոցներով տեղաշարժը 70 տարեկանից բարձր քաղաքացիներին, բացառությամբ այն դեպքերի, եթե անձն այցելել է մոտակա մթերային խանութ, դեղատուն կամ բժշկական հաստատություն:

7. Արգելվում է տեղաշարժը՝ ինչպես մեքենայով, այնպես էլ ոտքով 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն՝ հանրապետության ամբողջ տարածքում:

8. Վարչական գծերը վերահսկելու համար ստեղծվել են հսկիչ անցակետեր՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Ռուսթավիում, Փոթիում, Զուգդիդիում, Գորիում (ինչպես նաև Ախալցիխեում և Թելավիում):