Հայտնի է, որ Նինոծմինդայի քաղաքապետարանում մոտ 26 աշխատակիցներ պաշտոնաթող են եղել իրենց սեփական կամքով: Նինոծմինդայի քաղաքապետը հաստատեց 5-6 դեպք: JNEWS-ի տեղեկություններով, աշխատողները աշխատանքից ազատվել են, քանի որ սերտ կապի մեջ են եղել պատգամավոր Հենզել Մկոյանի հետ:
Վերջին օրերում հայտնի է դարձել, որ քաղաքապետարանի 22 աշխատակիցներ հրաժարական են տվել: Այսօր, JNEWS-ի տեղեկություններով, իրենց սեփական կամքով պաշտոնաթող եղածների թիվը հասել է 26-ի: JNEWS-ի տեղեկություններով` աշխատանքից հեռացվել են այն մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ կապ են ունեցել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավորի հետ:
Ինչպես մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, 5-6 հոգի պաշտոնաթող են եղել:
«Պաշտոնաթող 22֊ը չեն եղել: Սխալ տեղեկություններ են: Փոփոխություններ կան, այսինքն՝ մենք գյուղի մասնագետների հետ չենք շարունակել պայմանագրերը: Նաև, մենք ունենք 5-6 անձինք, ովքեր գրել են իրենց ազատ կամքով, որպեսզի ազատվեն իրենց պաշտոններից: Պատճառներում կեսը նշել է «առողջական վիճակը», նրանք հիմնականում 70-ից բարձր տարիքի մարդիկ են: Նրանք գրել են, որ իրենց առողջությունը թույլ չի տալիս շարունակել աշխատել: Օրենքի համաձայն` մենք կհայտարարենք թափուր աշխատատեղ, հաստիքային մրցույթ», – ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Հայտնի է դարձել նաև, որ արդեն գյուղերում քաղաքապետի 10 ներկայացուցիչների պայմանագրերի ժամկետները լրացել են:
Մեր տեղեկություններով պաշտնաթող են եղել ՝ Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության վարչության պետ Ժորա Սնխչյանը, Սոցիալական ծառայության ղեկավար Արագեղեցիկ Սանոսյանը, Մշակույթի, կրթության և հուշարձանների մշակույթի վարչության պետ Լաուրա Վարժապետյանը, Կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանը, Քաղաքապետարանի վերահսկողության ծառայության մասնագետ, Սայաթ Գյուլասյանը, Քաղաքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի մասնագետ Անդրանիկ Թևանյանը: