Նինոծմինդայի №41 Շրջանային ընտրական հանձնաժողովը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի գրասենյակի ղեկավար Արփիկ Սողոյանի դեմ կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն: Նյութերը ուղարկվել են Ախալքալաքի Շրջանային դատարան, որը վերջնականապես պետք է որոշի` արդյոք կա խախտում, եւ կտուգանի թե ոչ աշխատակցին 2000 լարիով:
Նինոծմինդայի №41 Շրջանային ընտրական հանձնաժողովը բավարարել է 3 դիտորդական կազմակերպությունների բողոքը («Միջազգային թափանցիկություն-Վրաստան», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» եւ «Արդար ընտրություններ եւ միջազգային ժողովրդավարական հասարակություն» (ISFED)), վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու մասին՝ անկախ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հոկտեմբերի 2-ի եւ 3-ի այցից մունիցիպալիտետի Սակրեբուլոի պաշտոնական ֆեյսբուքյան էջում քարոզչական նյութերը հրապարակող իրավախախտման փաստով:
Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովը քննել է բողոքի նյութերը եւ վերանայել գործը: Նա Արփիկ Սողոյանից եւ Սակրեբուլոյի կողմից բացատրական նամակ է ստացել, որտեղ նշում են, որ այս ֆեյսբուքյան էջը մունիցիպալիտետի պաշտոնական կայքէջը չէ, քանի որ այն չի ֆինանսավորվում տեղական բյուջեից, նաեւ Արփիկ Սողոյանը նշում է, որ «Հարավային դարպաս»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում նա միայն էթիկայի ստանդարտներից ելնելով ասել է, որ՝ այո, ինքն է հրապարակել:
Այնուամենայնիվ, Շրջանային հանձնաժողովը, կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն, ըստ որի, Արփիկ Սողոյանը ճանաչվել է իրավախախտ, նա հրաժարվել է ստորագրել արձանագրությունը:
Արձանագրությունը կազմվել է 48-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով եւ 88-րդ հոդվածով, որը ենթադրում է 2000 լարի տուգանք` նախընտրական քարոզչության խախտման համար:
Նինոծմինդայի №41 Շրջանային ընտրական հանձնաժողովը Ախալքալաքի Շրջանային դատարան է դիմել հոկտեմբերի 23-ին: Դիմումին կից Հանձնաժողովը ուղարկել է իրավախախտման արձանագրություն եւ գործի այլ նյութերը, որպեսզի խախտման մասին որոշում կայացնելուց առաջ դատարանը այն դիտարկի:
Վարչական իրավախախտման №100303 արձանագրությունը կազմվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին: