Ազատության փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքի ճակատային մասի և շրջակայքի վերակառուցման մրցույթը երրորդ անգամ է չի կայանում: Եղանակային պայմանների վատթարացման պատճառով աշխատանքները կհետաձգվեն մինչև հաջորդ տարի։

Առաջին անգամ աշխատանքների մրցույթը հայտարարվել է հուլիսի 24-ին, երկրորդ անգամ՝ օգոստոսի 1-ին, երրորդ անգամ՝ օգոստոսի 16-ին։ Երեք անգամ էլ մրցույթը տապալվել է մասնակիցների բացակայության պատճառով։

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ծրագրի իրականացումը հետաձգվում է մինչև հաջորդ տարի։

«Եղանակն արդեն վատանում է, նոր մրցույթ չենք հայտարարի, քանի որ այս տարի չենք հասցնի դա անել։ Հիմա արդեն մենք կհայտարարենք հաջորդ տարվա հունվար-փետրվարին, որպեսզի աշխատանքները սկսվեն եղանակի տաքանալուն պես»,- մեկնաբանեց նա։

Մովսիսյանը նշեց, որ տապալված մրցույթների պատճառ կարող է լինել աշխատողների պակասը։

«Կարող եմ ենթադրել, որ աշխատողներ չկան, ինչպես նաև ընկերություններն այնքան էլ չեն սիրում ֆասադային աշխատանքը, սա աշխատանքի ամենադժվար տեսակն է։ Մենք ստուգել ենք տեխնիկական պահանջները, գները, այնտեղ խնդիրներ չկան»,- ասաց Արա Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Ազատության փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքը գտնվում է Nane Mall-ի դիմաց։ Վերականգնման շրջանակներում նախատեսվում է շենքի ճակատային հատվածի կոսմետիկ վերանորոգում կատարել փողոցից և բակից, վերանորոգել ճաղապատ պատշգամբները, տեղադրել նստարաններ և լուսավորություն։ Ինչպես նաև, ըստ մրցույթի, նախատեսվում է ազատել շենքի դիմաց տարածք ավտոկայանատեղու համար՝ կրճատելով մայթը։ Մրցույթով կատարված աշխատանքների ծավալը կազմում է 248 897 լարի։