Վրաստանը շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման ուղու կողմնակից և երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Այս մասին ասված է վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության մեջ, որը տարածվել է ֆեյսբուքում` 2008 թ.-ին ռուս-վրացական պատերազմի 12-ամյակի կապակցությամբ:
Գախարիան Օգոստոսյան պատերազմն անվանել է «երկրի նորագույն պատմության մեջ ամենածանր օրերը»:
«2008-ի ռուս-վրացական պատերազմը խլել է մեր հարյուրավոր քաղաքացիների կյանքերը, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Մենք կորցրել ենք մեր հերոս զինվորներին, մեր տարածքները: Սրանք ողբերգական օրեր էին, որից հետո մնացին մեծ ցավ ու լուրջ հետևանքներ: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք խաղաղ ճանապարհով ենք լուծում այս մարտահրավերը, և մեր միջազգային գործընկերները աջակցում են մեզ այս գործընթացում», – գրում է Գախարիան:
Վարչապետը վստահ է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը չի կրկնի «անցյալի սխալները»: Ըստ Գախարիայի, իշխող թիմի անդամները «շատ լավ գիտեն, որ խաղաղությունն այլընտրանք չունի», և «համատեղ աշխատանքը և տնտեսական առաջընթացը նախադրյալներ են երկրի միավորման համար»:
«Այդ իսկ պատճառով մեր կառավարության ընտրությունը խաղաղ, ռացիոնալ և հետևողական քաղաքականությունն է, որը, անկասկած, մեզ կհանգեցնի վերջնական նպատակին՝ լիարժեք դեօկուպացիային և արհեստականորեն բաժանված հասարակությունների խաղաղ գոյակցությանը՝ միասնական, ժողովրդավարական, եվրոպական պետությունում», – հավելել է Գախարիան: