Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել:
Նախագահը նշել է՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարող են մի շարք պատճառներ ունենալ: Առաջին հերթին, սա սադրանք է, որը մեծ մարտահրավեր է Վրաստանի կառավարությանը։
Զուրաբիշվիլին Վրաստանի կառավարությանը նաև կոչ է արել հստակ դիրքորոշում ցուցաբերել:
«Կոչ եմ անում կառավարությանը՝ ժամանակն է հստակ դիրքորոշում դրսևորելու: Ժամանակն է, որ Անվտանգության խորհուրդը հրապարակային քննարկում անցկացնի եռամսյա վիզաներ սահմանելու հարցով, ինչն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր ներքին մարտահրավերները։
Պետության կողմից ավելի մեծ վերահսկողություն է անհրաժեշտ այն ռուսների նկատմամբ, ովքեր մտնում և մնում են երկրում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինի որոշմամբ՝ մայիսի 15-ից չեղարկվում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացվում է ուղիղ չվերթների արգելքը։