Վրաստանի իշխանությունների և ԱՄՀ առաքելության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ավարտին հասցնել Վրաստանի աջակցության ծրագրի (Stand-By Arrangement) առաջին վերանայումը: Այս տեղեկությունը տարածում է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):
Ըստ ԱՄՀ-ի՝ 2022 թվականին Վրաստանի տնտեսության հզորությունն ակնհայտ էր, քանի որ այսօրվա դրությամբ Ուկրաինայում ընթացիկ պատերազմի բացասական ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա ավելի քիչ էր, քան նախկինում դա ենթադրվում էր։
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ համավարակի արագ վերականգնումից հետո Վրաստանում աճել են զբոսաշրջության եկամուտները, ինչը պայմանավորված է պատերազմի հետ կապված ներգաղթով և ֆինանսական հոսքերի ներհոսքով, ինչպես նաև Վրաստանի տարածքով տարանցիկ առևտրով։
ԱՄՀ-ից հայտնում են, որ բարձր անորոշության պայմաններում գնաճի նվազեցման, հարկաբյուջետային և արժութային պահուստների ամրապնդման ու կառուցվածքային բարեփոխումների խթանման խելամիտ քաղաքականությունն ամրապնդում է մակրոտնտեսական կայունությունը և տնտեսության ճկունությունը:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ը Վրաստանում էր ԱՄՀ առաքելությունը՝ Ջեյմս Ջոնի գլխավորությամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարն այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 38 մլն դոլարի ռեսուրս կհատկացնի Վրաստանին։
Ջեյմս Ջոնի խոսքով, Վրաստանը բավարարել է բոլոր հիմնական պայմանները, որոնք նախատեսված էին ծրագրի շրջանակներում։
Վերջինիս խոսքով, Վրաստանի Ազգային բանկի արագ և համարժեք գործողությունները օգնեցին սահմանափակել պատերազմի ազդեցությունը ֆինանսական հատվածի վրա, այդ թվում՝ պարտավորեցնելով բանկերին պահպանել համապատասխան պատժամիջոցները։