Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կստեղծի տվյալների բազա, որը կպարունակի տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր «կապված են բռնության, այլ անօրինական գործողությունների, սպառնալիքների և շանտաժի մեջ կամ հրապարակայնորեն հավանություն են տալիս նման գործողություններին», – այսօր հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Որոշումն ընդունել է «Երազանքի» քաղխորհուրդը։
Այդ նպատակով հատուկ կայք կստեղծվի:
«Երկրում իրավիճակի ապակայունացում հրահրող անձանց ցանկը կազմվելու է «Վրացական երազանքի» կուսակցական կառույցների օժանդակությամբ», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ նշելով, որ տվյալների բազան հասանելի կլինի համացանցում։
«Այդ մարդկանց դեմ օրենքների և Սահմանադրության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի իրավախախտումներն առանց պետական և հասարակական արձագանքի չմնան», – հայտարարել է Պապուաշվիլին։
Այս տվյալների բազան, ենթադրաբար, կբացվի «օտար ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների» ցանկի հետ միաժամանակ՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից և կիրարկումից հետո։
Պապուաշվիլիի ելույթից առաջ հրապարակվել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հայտարարությունը, որում խոսվում էր Թբիլիսիում բողոքի ցույցերի ծրագրված սադրանքների և իշխանությունն ուժով տապալելու պլանների մասին։