Վրաստանի զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո պարզաբանել է, որ Մյունխենից և Փարիզից համաճարակի պատճառով չվերթների դադարեցումից հետո առաջինը ժամանած զբոսաշրջիկները մուտք են գործել Վրաստան՝ առանց կարանտին անցնելու:
Քվրիվիշվիլիի խոսքով՝ այդ չվերթներով ժամանել են նաև երկքաղաքացիություն ունեցող Վրաստանի քաղաքացիները, և նրանք նույնպես չեն անցել կարանտին:
«Մենք ուրախ ենք, որ մեր գործընկեր միջազգային ավիաընկերությունները վերադառնում են մեր երկրի ավիացիոն և տուրիստական արդյունաբերություն, որոնք գործում են կանոնավոր չվերթներով: Երեկ փարիզյան չվերթն է իրականացվել: Օդանավում եղել է 188 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկ է: Բնականաբար, նրանք լքել են օդանավակայանն առանց կարանտինի և այժմ ճանապարհորդում են Վրաստանով մեկ: Նույն սկզբունքը վերաբերում է նաև Մյունխենի չվերթին: Այս չվերթով ժամանած ուղևորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են», – ասել է Մարիամ Քվրիվիշիշվիլին:
Համակարգող խորհրդի նիստից հետո, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան նշել է, որ առաջին արտասահմանյան զբոսաշրջիկներն արդեն հայտնվել են փողոցներում:
«Ինչպես արդեն գիտեք, օգոստոսին մենք մասամբ բացեցինք կանոնավոր ավիաչվերթները: Lufthansa-ն չվերթներ է իրականացնում, Մյունխենի չվերթները գործում են, Air France-ի առաջին չվերթը կժամանի օգոստոսի 9-ին, այսօր կթռչի, իսկ վաղը կժամանի առաջին «Էիր Բալթիկի» չվերթը` Ռիգա-Թբիլիսի-Ռիգա:
Բացի այդ, Airzena-ն իրականացնում է կոմերցիոն չարտերներ, ամսվա ընթացքում նախատեսված է մինչև 16 կոմերցիոն չարտեր: Բացի այդ, մենք շարունակում ենք բանակցություններն այլ ընկերությունների հետ և ոչ միայն օգոստոսին, այլև սեպտեմբերին, մենք աստիճանաբար կբացենք նաև այլ հնարավոր չվերթները, բայց, իհարկե, առաջին հերթին, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը: Կարելի է ասել, որ Փարիզից, Մյունխենից, ինչպես նաև Եվրոպայից ակնկալվող չվերթների ժամանակ ուղևորների մեծ մասը՝ ¾-ը օտարերկրյա զբոսաշրջիկներն են, միջազգային այցելուներ: Ելնելով դրանից՝ մենք արդեն կարող ենք կրկին փողոցներում տեսնել օտարերկրյա զբոսաշրջիկների: Սա շատ կարևոր վիճակագրություն է, իհարկե, մեր քաղաքացիները թռչում և օգտվում են այդ չվերթներից, բայց դրանք հիմնականում այցելուներն են, ովքեր ցանկանում են այցելել Վրաստան, քանի որ Վրաստանի գրավչությանը զուգահեռ, այն անվտանգ երկիր է», – ասել է Նաթիա Թուրնավան, փոխանցում է «Ինտերպրեսնյուզ»-ը: