Արդեն երկու տարի է, ինչ պետությունը 100%-ոց ֆինանսավորում է տրամադրում ֆերմերներին` «Տնկիր ապագադ» ծրագրի շրջանակներում՝ ազնվամորի աճեցնելու նպատակով: Սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետում շատերը չեն լսել այս ծրագրի մասին, իսկ նրանք, ովքեր լսել են, չեն բավարարում պահանջներին, ուստի հայտադիմում չեն ներկայացրել:
Արագվա գյուղի բնակիչները չեն լսել ազնվամորու աճեցման նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆերմերների 100% ֆինանսավորման մասին, սակայն իրենք հետաքրքրված են և կցանկանան հետագայում մասնակցել ծրագրին:
«Եթե պետությունը ֆինանսավորում է 100%-ը, ապա կարելի է հետագայում մասնակցել», – ասում է Արագվա գյուղի բնակիչ Ռուբեն Հունանյանը:
Կարտիկամ գյուղում որոշ բնակիչներ տեղյակ էին վերոնշյալ ծրագրի մասին, բայց չեն համապատասխանել պահանջներին: Օրինակ, Կարտիկամ գյուղի բնակիչ Սուրեն Գաբրիելյանի հավաստմամբ, նա լսել է, որ ֆերմերներին ֆինանսավորում են, բայց չի մասնակցել ծրագրին:
Նույն գյուղի մեկ այլ բնակչի՝ Արմեն Սահարյանի խոսքերով, նա ցանկացել է մասնակցել ծրագրին, բայց հողամասի գրանցման հետ խնդիրների պատճառով չի դիմել:
«Իմ հողերը դեռ գրանցված չեն, ինչը պարտադիր պայման էր, դրա համար չկարողացա մասնակցել», – ասում է նա:
Համաձայն Վրաստանի Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, նրանք տեղեկացրել են «Տնկիր ապագադ» ծրագրի մասին բոլոր գյուղերում:
«Բոլոր գյուղերում գիտեն ծրագրի մասին, բայց շատ քչերն են, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու», – ասում է նա:
Ըստ նրա, որոշ գյուղացիներ ցանկացել են օգտվել ֆինանսավորումից, բայց չեն բավարարել պահանջներին: 100% ֆինանսավորում ստանալու համար ազնվամորու տնկարկների տարածությունը պետք է լինի 3 հա:
«Օրինակ, կարող է մասնակցել 6 հոգի, ովքեր ունեն 0,5 հա տարածք, որպեսզի միասին 3 հեկտար ստացվի», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Յուրաքանչյուր շահառուի համար ազնվամորու տնկիների տարածքը պետք է լինի 0,15 հա-ից 0,5 հա և չպետք է գերազանցի այդ սահմանը: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ինչպես տեղական աճեցված, այնպես էլ ներմուծված տնկիների համար:
Ի՞նչ պայմանների պետք է բավարարի գյուղացին` ֆինանսավորում ստանալու համար:
Ազնվամորու այգի տնկելու նպատակով ֆինանսավորում ստանալու համար շահառուն պետք է համապատասխանի մի քանի պայմանի: Օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողերը (որտեղ նախատեսվում է տնկել ազնվամորին) պետք է տեղակայված լինեն էլեկտրաէներգիայի աղբյուրի մոտ, ինչպես նաև հոշամասի շրջակա տարածքը ապահովված լինի ջրի աղբյուրներով (ոչ ավելի, քան 500 մետր հեռավորության վրա), ինչպիսիք են ոռոգման ջրանցքը, գետը, լիճը և այլն:
Շահառուներին ընտրելու մեկ այլ կարևոր պայման է նաև գյուղացու կողմից ծրագրի համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը գործակալությանը, որից հետո նա կանցնի Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստում, այնուհետև` թեստավորում: Ֆինանսավորում կստանան այն անհատները, ովքեր հաջողությամբ կհանձնեն թեստավորումը:
Վերոնշյալ ծրագրին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում գործող Գյուղերի և գյուղատնտեսության զարգացման գործակալության ներկայացուցչական գրասենյակ:
Բրատիսլավ Իգիթխանյան