Հունիսի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ից հետո, կրկին բեռնատար էր խցանվել Ախալքալաքի կենտրոնում։ Վարորդը որոշել է դուրս գալ կենտրոն տանող ճանապարհից, հնարավոր է նրան զգուշացրել են, որ այստեղով ծանր բեռնատարներ չեն երթեւեկում։ Արդյունքում բեռնատարը խցանվել էր խաչմերուկում, քանի որ չէր կարողանում մտնել նեղ Ջավախիշվիլի փողոց:

Դեպքը տեղի է ունեցել Ազատություն-Ջավախիշվիլի խաչմերուկում։ Բեռնատարը փորձել է թեքվել Ազատության փողոցից դեպի Ջավախիշվիլի, սակայն խցանվել է և ընթացքում վնասել խաչմերուկի սյուները։

Այս խնդիրն արդիական է արդեն մի քանի տարի: Նախկինում ծանր բեռնատարները անցնում էին կենտրոնական մայրուղով Ջավախեթյան փողոցով՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը։ Բայց արդեն 2-3 տարի է Ջավախեթյանը գտնվում է ավերված վիճակում, խնդրահարույց վերականգնողական աշխատանքների փուլում։ Ծանր բեռնատարների մուտքն արգելող ճանապարհային նշանները խունացել են և անտեսանելի են։ Չնայած դրանցով առաջնորդվելն անհնար է, քանի որ արգելող նշաններով նախատեսված երթը Ջավախեթյան փողոցով անհնար է։ Միակ բանը, որ խոսում է այն մասին, որ Ախալքալաքը նախատեսված չէ ծանր բեռնատար մեքենաների տեղաշարժի համար, դա Նինոծմինդայի կողմից քաղաքի մուտքի ցուցանակն է, որտեղ գրված է, որ տարանցիկ ճանապարհը թեքվում է դեպի շրջանցիկ ճանապարհ։ Սակայն դատելով նրանից, որ գրեթե ամեն օր առնվազն մեկ բեռնատար հասնում է քաղաքի կենտրոն, իսկ հետո դժվարությամբ վերադառնում, կարելի է ենթադրել, որ ցուցանակն նպատակային չէ։

Այս հարցը Jnews-ը մեկ անգամ չէ, որ բարձրացրել է այն առումով, որ ծանր բեռնատարների տեղաշարժի համապատասխան կարգավորումն անհրաժեշտ է քաղաքում, սակայն պատասխանն այն էր, որ կարգավորումն անհրաժեշտ է, բայց դա կլինի Ջավախեթյան փողոցի վերականգնումից հետո։ Փողոցի պատմական վերականգնումը բազմաթիվ պատնեշներով, կարծես թե, հասել է այն կետին, որը պետք է ավարտվի այս տարի։

Իսկ մինչ այդ քանի՞ ծանր բեռնատար կխցանվի Ախալքալաքի կենտրոնում, և ինչ վնաս կհասցնի իրեն կամ շրջակա միջավայրին, այս հարցը մնում է բաց։