Ասֆալտապատվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ և Փոքր Խանչալի գյուղերի միջև ընկած ավտոճանապարհը: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մեծ Խանչալիից Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատումը 1 295 295 լարիով իրականացնում է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետը տենդերում առաջարկել էր 1 455 714 լարի, սակայն մրցույթի ընթացքում ընկերությունն 160 419 լարիով իջեցրել է գումարը: «Ջավախ Ավտո Գզան» միակ մասնակիցն էր:
Պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի մայիսի 19-ին: Աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից երեք ամիս հետո:
Ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն JNEWS- ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ շինարարության ընթացքում խնդիրներ չեն առաջացել:
«Դեռևս մենք կատարում ենք բետոնե աշխատանքները, կառուցում ենք ջրագծերը, խողովակներ ենք տեղադրում, կամուրջներ կառուցում, դրանք շուրջ 7-ն են ամբողջ ճանապարհի վրա: Մենք կհասցնենք աշխատանքները կատարել ժամկետում: Աշխատանքի երկու փուլերն իրականացնում ենք միաժամանակ», – ասաց «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ի տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն:
Այս պահին շինարարական աշխատանքները շարունակվում են: