Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը օգոստոսի 2-ից կվերսկսի կանոնավոր ավիաչվերթները՝ Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ուղղությամբ: Այս մասին հաղորդում են Էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալությունից:
«Lufthansa»-ն կդառնա առաջին ավիաընկերությունը, որը կվերսկսի կանոնավոր ավիաչվերթները դեպի Վրաստան՝ քառամսյա դադարից հետո: Կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանը փակել է իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար և մարտի 20-ից դադարեցրել օդային հաղորդակցությունը բոլոր ուղղություններով:
Գործակալության տվյալներով՝ «Lufthansa»-ի հետ տեխնիկական բանակցություններն արդեն ավարտվել են: Համաձայնեցվել է հետևյալ ժամանակացույցը.
. Մյունխեն-Թբիլիսի չվերթները իրականցվելու են հինգշաբթի և կիրակի օրերին:
. Թբիլիսի-Մյունխեն երթուղով` երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Այս չվերթների ուղևորներին սպասարկելու է Airbus A 319 տիպի ինքնաթիռը:
Վրացական իշխանությունները որոշել են առանց որևէ պայմանների սահմանները բացել ԵՄ հինգ երկրների համար՝ Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա:
Քաղաքացիները կամ այդ երկրների բնակիչները կարող են ցանկացած նպատակներով ժամանել Վրաստան՝ ուղիղ չվերթներով: Սահմանը հատելուց առաջ նրանք պետք է լրացնեն հարցաթերթիկ` նշելով վերջին 14 օրվա ընթացքում նրանց տեղաշարժումների պատմությունը, կոնտակտային տվյալները և Վրաստանում գտնվելու վայրերի ցուցակը:
Եթե այցելուն ինքը ցանկանա, կամ սահմանին ջերմաչափման արդյունքում նա ունենա 37 աստիճանից բարձր ջերմություն, նրան օդանավակայանում անմիջապես կանկացնեն PCR թեստ:
Վրաստանի քաղաքացիների համար ցանկացած երկրից վերադառնալիս երկշաբաթյա կարանտինը մնում է պարտադիր: