ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով գտնվում է Թբիլիսիում՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան:
«Շատ հաճելի է, որ մեր գործընկեր և բարեկամ երկրները նման բարձր մակարդակի պատվիրակություններով այցելելու են Թբիլիսի, որպեսզի մեզ հետ միասին տոնեն առաջին վրացական ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Հայաստանի նախագահի այցն ունի կրկնակի խորհուրդ, սա Հայաստանի նորընտիր նախագահի առաջին այցն է Վրաստան: Մի քանի օրից մեր հայ բարեկամները ևս տոնելու են իրենց անկախության վերականգնման 100-ամյակը: Օգտվելով առիթից ցանկանում ենք նրանց շնորհավորել այդ օրվա առիթով: Մենք ապացուցեցինք, որ միասին համագործակցելով կարող ենք հասնել հաջողության և Հայաստանի նորընտիր նախագահի առաջին այցը առաջ դրված քայլ կլինի մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման համար»,- հայտարարել է նախարարի տեղակալը:
Վրաստանի Կառավարության ղեկավարը Արմեն Սարգսյանին շնորհավորել է պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Վրաստան այցի համար:
Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ եղբայրական Հայաստանը, Վրաստանի նման, նշում է անկախության 100-ամյա հոբելյանը և երկու երկրների համար այդ ամսաթիվը կարևոր է: Հանդիպմանը վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ բազմադարյա, սերտ և բարեկամական հարաբերությունների նշանակությունը և հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը կկրի դինամիկ բնույթ:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել և իմ եղբայրների հետ միասին նշել մեծ հաղթանակի 100-ամյակը»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը և Գիորգի Կվիրիկաշվիլուն շնորհակալություն հայտնել ջերմ դիմավորելու համար:
Արմեն Սարգսյանը հաստատել է առկա կապերի առավել խորացման ցանկությունը:
Այցի շրջանակում Հայաստանի Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, ինչպես նաև տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ: