Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և երկրի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարող են վերադառնալ քաղաքականություն, հայտնում է «Պիրվելի» հեռուստաընկերությունը:
Ըստ «Պիրվելիի», նոր կուսակցության՝ «Մեր Վրաստան-համերաշխության դաշինք» կուսակցության ներկայացուցիչները բանակցություններ են վարում նախկին վարչապետի հետ: Ինչ վերաբերում է Մարգվելաշվիլիին, ապա բազմիցս լուրեր են պտտվում, որ նախկին նախագահը հնարավոր է միանա «Լելո» կուսակցությանը:
«Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն դեռևս չի հաստատել այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում, բայց հայտնել է, որ նա կիսում է Մարգվելաշվիլիի քաղաքական հայացքները:
«Մեր պատկերացումներն այն մասին, թե երկրում իրավիճակը փակուղու մեջ է, որ «Վրացական երազանքը» «թուլացրել» է երկիրը, բացարձակապես նույնական են», – ասել է Խազարաձեն:
Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահն էր 2013 թվականից մինչև 2018 թվականը: Նա ընտրություններին առաջադրվել էր որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, բայց նրա կապը կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ արագորեն վերածվեցին անձնական թշնամանքի, իսկ կառավարության հետ՝ բացահայտ առճակատման:
Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Մարգվելաշվիլին շարունակեց գործունեությունը որպես դասախոս Թբիլիսիի համալսարանում: Վերջերս նա ընդդիմական հեռուստաընկերությունների եթերում հաճախ քննադատում է կառավարությանը և այցելում ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների ցույցերին:
Գիորգի Կվիրիկաշվիլին երկուուկես տարի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 2015-ի դեկտեմբերից մինչև 2018-ի հունիս: Ենթադրյալ տվյալների համաձայն, Իվանիշվիլին իր հրաժարականը պահանջեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ՄԱԿ-իմանկական հիմնադրամի (UNICEF) 2017 թվականի զեկույցը, համաձայն որի, վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում աղքատների թիվը աճել է 2,1%-ից մինչև 5%: UNICEF-ի փորձագետները դրա պատճառն անվանել են դանդաղ տնտեսական աճը, գործազրկությունը և սպառողական գների բարձրացումը:
Կվիրիկաշվիլին ինքն իր հրաժարականը բացատրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմնակիցների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի հետ տարաձայնություններով՝ «հիմնարար հարցերի հետ կապված»: