Ախալքալաքի մունիցիպալիտետում, այս ամսից, կվերսկսվի պետական ծրագրով գյուղատնտեսական նշանակության հողերի անվճար գրանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում տեղի ունեցավ հողերի գրանցման գործընթացը։ Մեկ ամսվա ընթացքում պետռեեստրի աշխատակիցները Դիլիսկայում չկարողացան ավարտել աշխատանքները:

Դիլիսկայի բնակիչների խոսքով, մեկ ամսվա ընթացքում կատարվել է գյուղացիների 17 տոկոսի չափագրումները, այն էլ միայն տների և տնամերձ հողամասերի չափագրումները։ Բնակիչների խոսքով, մինչև վերջ ոչ մի բնակչի գրանցում չի կատարվել: Հանրային ռեեստրի կայքում, ըստ վիճակագրության, Ախալքալաքի մունիցիպալիտետում կա ավարտին հասցված գրանցման 2 դեպք և 63 չափագրում։

2022 թվականից մինչև 2024 թվականը հողերի գրանցման ողջ գործընթացն իրականացնում է Հանրային ռեեստրը: Այս ընթացքում կիրականացվի հողերի փուլային հաշվառում, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում։

Եթե անձը ցանկանում է հողամասը գրանցել ժամանակացույցից դուրս, ապա ընթացակարգը վճարովի է։

Հողերի գրանցումն Ախալքալաքում. երբ և ինչպես

Ախալքալաքի մունիցիպալիտետի ժամանակացույցի համաձայն, անցած տարվա նոյեմբերին, Թբիլիսիից ժամանած Պետռեեստրի աշխատակիցները պետք է ավարտեին Դիլիսկա գյուղի բոլոր տների ու գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառումը, սակայն նրանք մեկ ամսում կարողացել էին մոտ 100-110 տան չափագրում կատարել, ինչը կազմում է գյուղի ողջ բնակչության մոտ 17%-ը։

Պետական ռեեստրի աշխատակիցները չափագրում և օդային լուսանկար են կատարում միայն տները և տնամերձ հողերը, սակայն տներից հեռու գտնվող հողամասերը դեռ ոչ չափագրել են և ոչ էլ օդային լուսանկար կատարել։

Դիլիսկա գյուղի բնակիչներից մեկն ասաց, որ շատ էր ցանկանում, որ աշնանը իր փաստաթղթերը պատրաստեին և մտցնեին Պետռեեստր, սակայն իր տունն այն կողմում չի եղել, որտեղից Ռեեստրի աշխատակիցները սկսել են գրանցման գործընթացը։

«Մեզ դեռ չեն հասել, գյուղի վերևի մասից են սկսել: 20 օր այստեղ էին, ինձ շտապ գրանցում էր անհրաժեշտ, ես նրանց փնտրեցի, բայց չգտա, գնացի վճարովի արեցի»,- պատմում է Դիլիսկա գյուղի բնակիչներից մեկը։

Ֆեդյա Կարախանյանն ասում է, որ առայժմ միայն տներն ու տնամերձ հողամասերն են գրանցում։

«Մեր տունն ու տնամերձ տարածքը նկարել են, ես փաստաթղթերը ստորագրել եմ: Ասացին՝ մի ամսից հաղորդագրության սպասեք, և ես սպասում եմ: Դեռ ոչ մի պատասխան չկա: Դա նոյեմբերի 10-ին էր: Ընդհանրապես, ով արդեն ուներ օդային նկարահանում նրանց էլ են արել: Ես հողատարածքի ընդունման-հանձնման անձնագիրն ունեի, թեև փաստաթղթում որոշ սխալներ կային: Իմ տուն եկած խումբը ռուսերենին լավ չէր տիրապետում, իսկ ես էլ վրացերեն չգիտեմ, հաղորդակցությունը դժվար էր, բայց ինչ-որ կերպ ամեն ինչ կարգավորեցինք»,- ասում է Ֆեդյա Կարախանյանը։

Դիլիսկա գյուղում գյուղացիների հետ զրուցելիս տեղեկացանք, որ գյուղում շատերն անհամբեր սպասել են, թե երբ են իրենց տներ գալու Ռեեստրի աշխատակիցները։ Բոլորն էլ ցանկանում էին հնարավորինս շուտ գրանցվել, քանի որ գյուղատնտեսական ծրագրերը պահանջում են, որ շահառուի հողերը գրանցված լինեն։

Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի գրանցելու միայն 1 հա 25 հար գյուղատնտեսական նշանակության հող, որը ստացել է հողային բարեփոխումների ընթացքում։

Մոսոյան Վարազդատը ևս դեռ պատասխան չի ստացել։

«Փաստաթղթերն ունեի, տնամերձ հողամասն ու տունը չափագրեցին, արդեն 3 ամիս է անցել, պատասխանի ենք սպասում, նույնիսկ անհանգստանում ենք արդեն: Ովքեր մեր տուն էին եկել, նրանց հետ ռուսերենով էինք շփվում»,- ասաց Վարազդատ Մոսոյանը։

Քաղաքապետարանի Գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արևյանն ասում է, որ Պետռեեստրի աշխատակիցները ժամանակացույցը կազմել են իրենց հարմար ժամկետին, իսկ թե որքան հարմար է այն բնակիչներին, արդեն հարցական է, նրանք ժամանակացույցը բնակիչների հետ չեն համաձայնեցրել:

«Նրանց համար դժվար է լինելու կազմված գրաֆիկով աշխատել, քանի որ հաշվարկը սխալ է եղել, չեն հասցրել տեղավորվել իրենց գրաֆիկում: Այս գործը շատ աշխատատար է, այսքան մեծ գյուղը մեկ ամսում հնարավոր չէր չափագրել: Նրանք հաշվի չէին առել, որ այդ պահին տանտերը կամ հարեւանը կարող է տանը չլինեն։ Նոյեմբերին գյուղերի աշխատունակ տղամարդիկ դեռ արտերկրում են գտնվում, խոպանում»,- ասաց Ավագ Արեւյանը։

Նրա խոսքով, Պետռեեստրը գրություն է ուղարկել Ախալքալաքի քաղաքապետարան, որպեսզի իրենց փոխանցեն կոնտակտային որևէ անձի տվյալներ, ով իրենց կօգնի։ Ավագ Արեւյանն ասաց, որ նրանք արդեն փոխանցել են այդ կոնտակտները, սակայն Ռեեստրից, դեռ ոչ մեկի հետ չեն կապվել։

Պետական ռեեստրի աշխատակից Նարեկ Սարգսյանը, ով մասնակցել է Դիլիսկա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման գործընթացին, ասաց, որ աշխատանքի ընթացքում խնդիրներ չեն եղել։

«Մենք հետ ենք մնում, չենք հասցնում ըստ ժամանակացույցի, խնդիրներ չկան, ուղղակի ժամանակի մեջ չենք տեղավորվում: Դեռ գրանցված ոչ մի դեպք չկա: Մենք չափագրում ենք, ապա ուղարկում իրավական վերանայման: Ես չգիտեմ, թե երբ կշարունակենք աշխատանքը Դիլիսկա գյուղում, հավանաբար 3-4 ամսից»,- ասաց Պետռեեստրի աշխատակից Նարեկ Սարգսյանը։

Դիլիսկայի տարածքային շրջանից, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Նվեր Մոսոյանն ասում է, որ մարդիկ անհամբեր սպասում են գրանցմանը։

Դիլիսկա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Հովհաննես Գաբրիելյանն ասում է, որ աշխատողները հեռացել են՝ չավարտելով իրենց աշխատանքը.

«Մեր գյուղում երեք հոգանոց խումբ էր աշխատում, այսքան կարճ ժամանակում հնարավոր չէր ամեն ինչ ավարտել: Ոչ միայն տներն ու տնամերձ հողամասերն են գրանցելու, այլեւ գյուղից հեռու հողատարածքները: Գյուղում շատերը չունեն հողամասի անձնագիր, կամ կորցրել են: Դեռ խնդիրներ չկան, միայն աերոլուսանկարում ու չափումներ են անում: Խնդիրները ի հայտ կգան հետո: Իրենք ունեին իրենց ծրագիրը, երբեմն մեզ էին օգնության համար դիմում»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը։

Գյուղերում անհամբեր սպասում են գրանցման գործընթացին և մտավախություն ունեն, որ չեն հասցնի, սակայն պետությունը նպատակ ունի ավարտին հասցնել գյուղատնտեսական նշանակության հողամասերի գրանցումը, ուստի փորձում է դա անել տարբեր ձևերով։ Թե որքանով է արդարացված այս վերջին մեթոդը, որը գործում է 2022-2024 թվականներին, ցույց կտա ժամանակը։