Ախալքալաքի շրջանը անասնաբույժերի պահանջ ունի: Տարածաշրջանում գործող անասնաբույժերը տարեց են, իսկ երիտասարդները դժկամությամբ են ընտրում այս մասնագիտությունը:

Ախալքալաքի շրջանի բնակչությունը զբաղվում է ոչ միայն գյուղատնտեսությամբ, այլ նաև անասնապահությամբ: Գյուղացիները պահում են կով, խոզ ու ոչխար: Մեծ շրջանում (64 գյուղ), որտեղ յուրաքանչյուր տնտեսությունում կա առնվազն երկու կով, չկան անասնաբույժեր: Կրթությամբ անասնաբույժերը ոչ ավելին են քան 20 մարդ և բոլորն էլ արդեն մեծահասակ են:

Զուրաբ Զուրաբիշվիլին Կոթելիա գյուղից 4 կով ունի:

«Եթե չենք գտնում անասնաբույժի մորթում ենք, էլ ինչ կարող ենք անել: Անասնաբույժ չկա: Նրանք անհրաժեշտ են: Անասունները հիվանդանում են, ծննդաբերության ժամանակ:Ազավրեթ գյուղում մի անասնաբույժ կար մահացավ: Այժմ Էխտիլա գյուղում կա մի մարդ, նրան ենք բերում, Տուրցխ գյուղում կա մեկը, բայց ծեր է արդեն: Գնում ենք քաղաք, դեղատանը բացատրում ենք, դեղը տալիս են բերում օգտագործում ենք: Եթե չի օգնում մորթում ենք անասունը», – ասում է Զուրաբ Զուրաբիշվիլին:

Շրջանը նաև կովերի ցեղատեսակների բարելավման կարիք ունի: Ոմանց անհրաժեշտ է մսատու կով, ոմանք կաթնատու կովեր են ուզում: Բացի այդ բեղմնավորման համար անհրաժեշտ ցուլերը նույնպես շատ քիչ են:

Ղադոլարցի Շավարշ Սարգսյանը ասում է, քանի որ իրենց գյուղը հեռու է քաղաքից նրանք հաճախ են անասնաբուժական ծառայությունների կարիքն ունենում:

«Մենք խնդիրներ ունենք անասունների բեղմնավորման հարցի վերաբերյալ: Մենք ուզում ենք փոխել ցեղատեսակը, սակայն հնարավորություն չկա: Եթե արհեստական բեղմնավորման հնարավորություն լինի լավ կլինի», – ասում է Շավարշ Սարգսյանը:

Ղադոլար գյուղի բնակիչ Արման Հարությունյանը «Արտադրի Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում հաղթել է 10.000 լարիի չափով նախագիծ և շուտով կբացի անասնաբուժական սպասարկման կենտրոն:

Արտաշ Հարությունյանը, ով աշխատելու է այդ սպասարկման կենտրոնում, փորձառու զոտեխնիկ անասնաբույժ է: Նա մինչ այդ էլ ծառայություններ է կատարել գյուղում, սակայն հիմա կունենա ավելի մեծ հնարավորություններ: Արտաշ Հարությունյանը միակ անասնաբույժն է գյուղում և քչերից մեկը շրջանում:

«Մեր կենտրոնը կապահովի առաջին օգնություն ծննդաբերության, տարբեր հարցերի, հիվանդությունների ժամանակ: Մեր տարածաշրջանում կա անասնաբույժերի մեծ պահանջարկ: Մենք առաջինն ենք Վրաստանում որ օգտագործելու ենք էխոսկոպիայի ապարատը կովերի և խոզերի համար: Մենք նաև ստուգելու ենք կաթի որակը` թթվայնությունը, յուղայնությունը և կաթնաշաքարը: Հետագայում մենք զբաղվելու ենք նաև արհեստական բեղմնավորմամբ», – ասում է Արտաշ Հարությունյանը:

Ըստ Արտաշ Հարությունյանի իրենց կենտրոնը հնարավորություն ունի սպասարկելու Ախալքալաքի շրջանի մոտ 25 գյուղերի, ինչպես նաև Բորժոմի շրջանի Տաբածղուրի, Մոլիթ և Չխարոլա գյուղերը, քանի որ այդ գյուղերը նույնպես ձմռանը կտրված են քաղաքից:

Լևոն Ստեփանյանը Ղադոլար գյուղից շատ ուրախ է, որ իրենց գյուղում բացվելու է սպասարկման կենտրոն:

«Ես ունեմ հինգ կով: Արտաշը միշտ օգնել է մեզ, երբ մենք խնդրել ենք: Բայց հիմա մենք չենք խնդրի, նա պարտավոր է գալ», – ասաց Լևոն Ստեփանյանը:

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը նույնպես գտնում է, որ գյուղերում անհրաժեշտ է զարգացնել անասնաբուժական ծառայությունները:

«Քանի որ Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է ասոցացման համաձայնագիր և կետերից մեկի համաձայն Վրաստանը պետք է ապահովի պարենային անվտանգությունը, այնպիսի ծառայություններ ինչպիսիք են բուսաբուծությունը, գյուղատնտեսությունը, բուսասանիտարիան, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունները պետք է զարգացնել: Մյուս կողմից, մի քանի տարի առաջ արդեն սկսել են կովերի նույնականացումը: Հիմա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մի օրենք, որպեսզի վաճառվող միսը անպայման պիտակավորված լինի (որտեղից է միսը, ում է պատկանել ու անասնաբուժական եզրակացությունը), բայց դա նորամուծություն է և Ախալքալաքում դեռ չի գործում», – ասում է Մախարե Մացուկատովը:

Շուշան Շիրինյան