Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր ասել է, որ «մենք մտահոգությամբ հետեւում ենք զարգացումներին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ եւ զոհվում են մարդիկ»:
«Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար», – ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Համանախագահները նաև կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները:
Տավուշում սահմանին սրման արդյունքում հայկական կողմը 4 զոհ ունի ու 5 վիրավոր, Ադրբեջանը հայտարարել է 11 զոհի մասին:
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։