Հայաստանը ողջունում է Վրաստանի պատրաստակամությունը երկրին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց հույս է հայտնում, որ նման անհրաժեշտություն չի առաջանա: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Վրաստանի կողմից համաճարակի դեմ պայքարի ընթացքում Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին հարցին, այդ թվում՝ COVID-19 հաստատված հիվանդների բուժման հարցում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
«Համաճարակի առաջին օրվանից մենք ակտիվ համագործակցել ենք Վրաստանի կառավարության, վարչապետի ու վրաց մասնագետների հետ և այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է և նրանց պատրաստակամությունն ավելի ջերմ է դարձնում մեր հարաբերությունները: Բնականաբար, եթե անհրաժեշտություն առաջանա, կարող ենք դիմել, սակայն անում ենք ամեն ինչ, որ դրա կարիքը չլինի։ Հուսով ենք, որ կկարողանանք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածություն չլինի և կկարողանանք այնպես անել, որ օգնության կարիք չլինի: Բայց մենք պետք է փոխադարձ պատրաստված լինենք, հատկապես՝ Հայաստանն ու Վրաստանը, որպեսզի միմյանց օգնենք»,– ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2019 թվականին, Վրաստանում կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ, Հայաստանը հյուսիսային հարևանին տրամադրել էր կարմրուկի պատվաստանյութերի 30 հազար դեղաչափ:
«Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, աջակցենք միմյանց, քանի որ համաճարակը մեր ընդհանուր օրակարգի հարցն է, սա ընդհանուր սպառնալիք է, և մենք մեր հարևանների հետ` Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և, իհարկե, մեր միջազգային այլ գործընկերների հետ մենք պատրաստ ենք սերտ համագործակցել», – եզրափակել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է, որ եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնին անհրաժեշտ լինի որևէ օգնություն, ներառյալ թեստավորուման կամ որևէ այլ հարցերի դեպքում, ապա նրանք պատրաստ են օգնություն ցուցաբերել: