Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնում է, որ վրացական իշխանություններն իրեն զրկել են Վրաստան մուտքի իրավունքից:
Արա Պապյանը գրել է.
«Այսօր պարզվեց, որ մի տևական ժամանակ է, ինչ վրացական իշխանություններն ինձ զրկել են Վրաստան մուտքի իրավունքից: Իհարկե, որևէ հոդաբաշխ բացատրություն չկա և չի կարող լինել: Եթե բացառենք թուրքական և թորքական միջամտությունը, ապա այս հանգամանքը կարելի է կապել իմ գրած երեք տարբեր գիտական հոդվածների հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են Վրաստանի հետ: Ես երբեք որևէ վիրավորական կամ կեղծ խոսք չեմ ասել կամ գրել ոչ Վրաստանի և ոչ էլ վրաց ժողովրդի հասցեին: Այո տպագրել եմ և տպագրելու եմ փաստաթղթեր և փաստեր, որոնք կարող են ոմանց, այդ թվում նաև վրաց որոշ իշխանավորների, դուրը չգալ: Բայց դա իմ խնդիրը չէ: Եթե իրենք համաձայն չեն այդ փաստերի կամ փաստաթղթերում առկա տեղեկատվության հետ՝ կարող են հակադարձել նույնքան գիտականորեն: Բայց XXI դարում փորձել սահմանափակել գիտական միտքը և ազատ խոսքը՝ բնավ վայել չէ իրեն ժողովրդավար համարող երկրին:
Ուզում եմ ընդգծել՝ ես շարունակելու եմ իմ գիտական, քաղաքագիտական և հասարակական գործունեությունը և ազատորեն արտահայտվելու եմ: P.S. Ձեր բարեկամներից թշնամիներ մի սարքեք: Բաթումն էլ կարող եք պահել ձեզ՝ ես նախընտրում եմ հանգստանալ Կարիբյան ծովում»: