«Transparency International – Georgia» հասարակական կազմակերպությունը հրապարակում է ուսումնասիրություն, համաձայն որի՝ Վրաստանում արտակարգ դրության ժամանակաշրջանում կնքվել է 11316 պետական պայմանագիր՝ առանց տենդերի հայտարարման: Ընդհանուր առմամբ, մարտի 21-ից մայիսի 22-ը պետությունը 127,2 միլիոն լարիի (ավելի քան 41,5 միլիոն դոլար) չափով վճարել է ծառայություններ ստանալու համար, այստեղից՝ 35%-ը կամ 45 միլիոն լարին (ավելի քան 14,7 միլիոն դոլար) «Վրացական երազանքի» և Սալոմե Զուրաբիշվիլիի դոնորներից են:
«Կառավարության վարչակազմը, ՊԱԾ-ը, Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) և Վրաստանի ՆԳՆ ենթակայության տակ գտնվող որոշ գերատեսչություններ չեն հրապարակում գնումների պարզեցված պայմանագրերը: Այստեղից ելնելով՝ հավանական է, որ ավելի շատ գումար է ծախսվում ուղղակի գնումների վրա, բայց դրանց մասին տեղեկատվությունը թափանցիկ չէ, ինչը բարդացնում է կոռուպցիոն ռիսկերի վերլուծությունն ու վերահսկումը: Այս խնդիրը արդիական էր նույնիսկ մինչև արտակարգ դրության ռեժիմը», – ասվում է ՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ, նույն ժամանակահատվածում հայտարարվել է 1495 տենդեր՝ ընդհանուր 557 միլիոն լարիի (ավելի քան 182 միլիոն դոլար) չափով: Ավելին, դրանց կեսից ավելիին մասնակցել է միայն մեկ մատակարար:
«Transparency International – Georgia»-ն խորհուրդ է տալիս իշխանություններին ուսումնասիրել կասկածելի տենդերները, հրապարակել պետական գնումների հետ կապված փաստաթղթերը, ուշադրություն դարձնել իշխող կուսակցության հետ մատակարարների կապերին և բարդացնել առանց տենդեր հայտարարելու գնումների թույլտվությունների տրամադրման գործընթացը:
SovaNews