Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ ուշ երեկոյան դատավճիռ է կայացրել ընդդիմության 12 ակտիվիստների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ նոյեմբերի 18-ի բողոքի ցույցի ցրման ժամանակ:
Վարչական կալանքի են դատապարտվել տաս մարդ, որոնց թվում են ութ քաղաքացիական ակտիվիստներ և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության երկու ներկայացուցիչ՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի (քաղխորհրդի) պատգամավոր Իրակլի Նադիրաձեն և Աջարիայում Գերագույն խորհրդի ՄԱՇ խմբակցության ղեկավար Էլգուջ Բագրատիոնիին: Դատարանի դահլիճից բոլորն ուղարկվել են ժամանակավոր կալանավայրի մեկուսարան:
Եվս երկու ակտիվիստ ստացել է բանավոր նախազգուշացում և տուգանք:
Դատավոր Վալերիան Փիլիշվիլին միանգամից քննել է վեց գործ:
Առաջին վեցյակի դատավճիռները.
Լուկա Ճիճինաձե` 5 օր կալանավորում
Գիորգի Բունտուրի՝ 5 օր կալանավորում
Զուկա Բերձենիշվիլի՝ 7 օր կալանավորում
Բեքա Բասիլաիա` 13 օր կալանավորում
Գուրամ Մճեդլիշվիլի` 1000 լարի տուգանք (մոտ 300 դոլար)
Էլգուջ Բագրատիոնի՝ 12 օր կալանավորում
Ավելի ուշ հայտարարվեցին ևս վեց կալանավորված անձանց դատավճիռները.
Գիգա Մակարաշվիլի` 12 օր կալանավորում
Իրակլի Քաչարավա` 4 օր կալանավորում
Պաատա Սոսանաշվիլի՝ բանավոր նախազգուշացում
Դիմիտրի Բիձինաշվիլի` 3 օր կալանավորում
Իրակլի Նադիրաձե` 13 օր կալանավորում
Դավիթ Մժավանաձե` 4 օր կալանավորում
Դատավորը հետաձգեց ևս 25 կալանավորված անձանց գործերի քննությունը: Այս գործերից ութը կքննվեն միասին, մնացածը՝ անհատական կարգով: Դատավարությունների օրերը կհայտարարվեն ավելի ուշ:
Դատարանում հավաքված քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչները դատավճռի հայտարարմանն արձագանքեցին սուլոցներով և վանկարկելով՝ «ստրուկներ»: Նրանք հայտարարեցին, որ իշխանությունները փորձում են չեզոքացնել ակտիվիստներին, որպեսզի նրանք չմասնակցեն նոյեմբերի 25-ին նախատեսված բողոքի ցույցին:
Ընդհանուր առմամբ, բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել էր 37 ցուցարար, դա այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել էր խորհրդարանի մուտքերի մոտ գտնվող պիկետները ջրցանի օգտագործմամբ: Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «Իրավապահ մարմինների օրինական պահանջներին չհնազանդվել» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «մանր խուլիգանություն» հոդվածներով: Այս հոդվածները նախատեսում են տուգանք կամ մինչ 15 օր վարչական կալանք:
Վարչական գործով դատալսումը սկսվել էր նոյեմբերի 19-ին, սակայն վերանշանակվել էր նոյեմբերի 20-ին: Այդ օրը դատաքննությունը սկսվել էր ժամը 13-ին և տևել մինչև ուշ երեկո: Նոյեմբերի 19-ին կայացած դատական նիստին, մեղադրող կողմի ներկայացրած տեսաապացույցներից հնարավոր չէր եղել պարզել ոստիկանությանը դիմակայելու որևիցե փաստ, ինչի համար էլ մեղադրվում էին ակտիվիստները: Դատավարության մասնակիցները լրագրողներին հայտարարեցին, որ այսօրվա դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել այն ոստիկանները, որոնք չեն մասնակցել իրենց ձերբակալմանը:
Մինչ դատավճռի հայտարարումը՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում նույնիսկ մեղադրյալները հեռացվեցին դատարանի դահլիճից` պատճառաբանելով, որ այնտեղ բավարար տեղ չկա: Դատավարությունը, չնայած ձերբակալվածների բազմաթիվ առարկություններին, տեղի ունեցավ դատարանի փոքր դահլիճում: Դատավճռի հայտարարման պահին ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ գտնվում էին դահլիճում, իսկ նրանց, ովքեր եկել էին աջակցելու ձերբակալվածներին, ներս չթողեցին՝ նրանք սպասում էին որոշմանը դատարանի միջանցքներում և բակում:
Նոյեմբերի 18-ին ոստիկանությունը ցրել է խորհրդարանի մոտ բողոքի ցույցը այն բանից հետո, երբ պիկետավորման մասնակիցները իշխող կուսակցության մի քանի պատգամավորների թույլ չեն տվել մուտք գործել խորհրդարանի շենք: Բողոքի ցույցը Ռուսթավելի պողոտայում սկսվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին իշխող կուսակցությունը տապալեց իր սահմանադրական փոփոխությունների օրինագիծը և, այդպիսով, չկարողացավ կատարել ընտրական բարեփոխումներ անցկացնելու իր խոստումը:
Նյութը՝ «Новости Грузия»-ից