Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Արագվա-Կոթելիա ճանապարհի պաշտոնական բացման արարողությունը։
Չնայած ճանապարհաշինության աշխատանքները մեկ ամսից ավելի է վերջացրել էին, սակայն Ճանապարհային դեպարտամենտի կողմից համապատասխան ստուգումը դեռ չէր անցկացվել։ Ճանապարհի բացումից հետո ստուգող հանձնաժողովը նորակառույց ճանապարհը փորձարկեց և կատարված աշխատանքի մասին խոսելիս, հանձնաժողովի անդամներն ասացին՝ «Լավ աշխատանքը սկզբից է երևում, իսկ այս աշխատանքը հենց սկզբից էլ ճիշտ էր իրականացվում և այլ արդյունք չէինք էլ կարող սպասել»։
ՍՊԸ «Ա.Ա.Բ»-ի աշխատակիցները տեղի իշխանության ներկայացուցիչները և Արագվա գյուղի բնակիչները գյուղի կենտրոնում սպասում էին հանձնաժողովի աշխատակիցներին, ովքեր տեսնելով հավաքվածներին անկեղծորեն խոստովանեցին, որ նման ընդունելություն չէին սպասում։
«ՄԵնք շատ ճանապարհների բացման ենք ներկա գտնվել, բայց ոչ մի անգամ նման ընդունելություն չենք ունեցել։ Պատկերացնում էինք սովորական աշխատանքային օրվա նման պետք է գանք, ստուգենք կատարված աշխատանքը ու գնանք, սակայն նման ընդունելությունը անսպասելի էր»։
Խոսելով ճանապարհի շարունակության մասին, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները հաստատեցին, որ շարունակություն անպայման կլինի և շատ հաճելի կլինի, եթե նույն կազմակերպությունը հնարավորություն ստանա աշխատանքներն իրականացնել։
Արագվայի բնակիչները չնայած գոհ են ասֆալտապատ ճանապարհից, սակայն ունեն նաև իրենց բողոքները, որոնք են մայթերի բացակայությունը և խմելու ջրի խողովակների ասֆալտապատ ճանապարհի տակ մնալու փաստը։
«Ամեն ինչ շատ լավ են արել, աշխատանքները բարձր մակարդակի են կատարվել, ես ինքս աշխատել եմ այս ընթացքում և կարող եմ ասել, որ Վրաստանի մասշտաբով եզակի ճանապարհաշինական աշխատանք է իրականացվել, բայց միևնույն ժամանակ ափսոսում եմ, որ նախագծով մեր գյուղում մայթ չեն նախատեսել։ Մի խնդիր էլ կա, մի քանի ընտանիքների խմելու ջրի խողովակները ճանապարհի տակով են անցնում, Աստված մի արասցե, եթե խողովակի հետ մի խնդիր լինի, ապա պետք է ճանապարհը քանդեն, որ վերանորոգեն», – մեզ հետ զրույցում ասաց Արագվա գյուղի բնակիչ Սասուն Ժամկոչյանը։
Ջուլիետա Տոնականյան