Կորոնավիրուսի ի հայտ գալուց և համաշխարհային համաճարակ հայտարարելուց հետո բոլորս խորթ, անծանոթ իրավիճակում հայտնվեցինք: Դեռևս նույնիսկ հոգեբաններն ու մասնագետները չեն կարողանում մշակել հստակ մոդել, որը ամբողջովին կբնութագրի մարդու պահվածքը համաճարակի, ինքնամեկուսացման ժամանակ:
«Իրավիճակը, որում մենք հայտնվեցինք և երկու ամսից ավել այդ իրավիճակում էինք, բացարձակապես անծանոթ էր: Այսինքն, մենք նման իրավիճակում հայտնվելու փորձ չունեինք: Հետևաբար, վարքի ոչ մի մոդել գոյություն չուներ, թե ինչպե՞ս են մարդիկ դրսևորվում նման իրավիճակներում», — Վրաստանում համաճարակային իրավիճակի մասին ասում է հոգեբան Թեո Գուբիանուրին:
Հոգեբանի խոսքով՝ նոր վարք պետք է ձևավորվի և նոր վարքագծին դեռ հարմարվել է պետք: Եվ դրանց մոդելը կամ նախատիպը չունենալու պատճառով էլ ստեղծվել են հենց այն խնդիրները, որ որոշ մարդիկ վատ սովորություններ են ձեռք բերել:
Ո՞րն էր ամենամեծ փոփոխությունն ու հարվածը: Ըստ հոգեբանի՝ առաջին «շոկը», որ մարդիկ ապրեցին, այն էր, որ չէին գիտակցում, չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ պետք է անել: Եվ, իհարկե, երկրորդ ամենալուրջ հարվածն արդեն «խենթ» կյանքի տեմպից անցումն էր դեպի բացարձակ պասիվ կենսակերպի:
«Այնուամենայնիվ, մարդկանց մոտ սկսվեց որոշակի վարքի ձևավորում և հետո, հասկանալով տեղի ունեցածը, տարբեր տեսակի խորհուրդներ էինք տալիս: Շատ կային առաջարկություններ, թե ինչպես անցկացնել ժամանակը, ինչպես համակերպվել: Դրանցից էին այնպիսի պարզ օրինակներ, ինչպես՝ գիրք կարդալ, նկարել, սպորտով զբաղվել և այլն: Սա միգուցե չէր օգնում, սակայն փաստ է, որ շատերի համար մոտիվացիա էր», — ասում է հոգեբանը:
Կարանտինի, ինքնամեկուսացման ժամանակ առաջ ընթանալու ևս մեկ խթան էր այն գիտակցումը, որ «շուտով ամեն ինչ կավարտվի»: Դրան գումարվում էին սահմանափակումները հանելու վերջնաժամկետները: Հոգեբանը խոսում է Վրաստանում սահմանափակումները հանելու մասին, նշում, որ հոգեբանորեն ճիշտ էր դասավորված սահմանափակումների և դրանց վերացման հերթականությունը. ահա ևս մեկ շաբաթ, և որոշ սահմանափակումներ կհանվեն, և ևս երկու շաբաթ, ևս մեկ ամիս և այդպես շարունակ: Թեև այստեղ կա մեկ այլ հանգամանք էլ կա. վիրուսի տարածման ու դրա իսպառ վերացման ժամանակի անորոշությունը:
Հոգեբանի խոսքով՝ այստեղ արդեն սկսում է ի հայտ գալ վատ պահվածքը. «Ագրեսիա է առաջանում, հոգնածություն և նույնիսկ չես ուզում աշխատել թեկուզ տնային պայմաններում: Սա կարելի է բացատրել երկու տարբերակով. հիասթափության արդյունքն է, այսինքն՝ ես նեղացած եմ ամեն ինչից և այլևս չեմ ցանկանում աշխատել, բոյկոտում եմ, և երկրորդն այն է, որ ինչ ես իրականում անում էի, պարզվում է, ինձ համար այդքան էլ կարևոր և առաջնային չէ»:
Ի՞նչպես հարմարվել «նոր» կյանքին
Կան դեպքեր, երբ մարդը սովորել է տանը նստելուն, քանի որ վախենում է դուրս գալ: Կան մարդիկ, որոնք դուրս գալիս մտահոգված են, շփոթված և նյարդայնանում են: Ինչպես ասում է հոգեբանը, նրանք հաճախ չգիտեն ինչի մասին են մտահոգվում, բայց, ինչպես ասում են, տանը ավելի ապահով ու հանգիստ են լինում: «Սա արդեն պաշտպանական պահվածք է», — փաստում է Գուբինաուրին:
«Մեր հին կենցաղը մեզ համար նոր հանգամանք է դարձել` դուրս գալը, աշխատանքի գնալը և այլն: Որոշ մարդիկ կշարունակեն ապրել նորմալ, բայց շատերը ստիպված կլինեն հարմարվել նոր միջավայրին:
Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ հաղթահարեն այս ամենը: Կարելի է ասել, որ մարդկանց հարկավոր կլինի առնվազն մեկ տարի: Իրավիճակը ավելի բարդ է այն մարդկանց մոտ, որոնք այս համաճարակի ընթացքում կորցրել են ընտանիքի անդամներին, աշխատատեղեր, կորցրել են եկամուտի աղբյուրը: Որոշ մարդիկ էլ հենց իրենք են տարել վիրուսը, վարակվել և առողջացել են, սակայն սա շատ մեծ սթրես է», — նշում է նա:
Ըստ հոգեբանի՝ այդպիսի մարդկանց համար հեշտ չի լինի հաղթահարել համաճարակի թողած հետքերը: Եվ ահա հոգեբանական հարց՝ ինչո՞ւ ես և ինչպե՞ս կարող եմ հաղթահարել: Այս դեպքում ամենակարևորը սոցիալական լավ շրջապատն է` ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ և այլն:
Միայն միասին կարող ենք հաղթահարել այս իրավիճակը` դրսևորելով բարձր քաղաքացիական գիտակցություն և սոցիալական վարք:
Նյութը պատրաստված է «Ֆրեյա միություն» ՀԿ-ի կողմից՝ «COVID-19-ի ֆոնին Մառնեուլիում բնակվող, ինքնամեկուսացման մեջ գտնվող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ռիսկերի նվազեցումը/կանխարգելումը» նախագծի շրջանակներում՝ «Վրաստանում կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:
Աննա Թանդարյան