Կորոնավիրուսի տարածման ռիսկը երկրում նվազեցնելու նպատակով ՀՀ ամբողջ տարածքում և պետական սահմանի անցման բոլոր կետերում մինչև 2021-ի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է 6 ամսով՝ մինչև հուլիսի 11-ը՝ ժամը 17:00-ն։ Այդ մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարությունը։
Հիմք է ընդունվել այն, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի երրորդ ալիքի վտանգի մասին (հաշվի առնելով մի շարք այլ երկրների փորձը՝ Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն):
Միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս Հայաստանում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.
• ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
• Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։