Վրաստանի կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի զգուշորեն, բայց բացի սահմաններն առաջին իսկ հնարավորության դեպքում: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Մեկնաբանելով այն, որ Վրաստանը հետաձգել է կանոնավոր քաղաքացիական ավիաչվերթների վերականգնումը հուլիսից օգոստոս, վարչապետը նշել է նաև, որ Վրաստանի և ԵՄ երկրների միջև չարտերային ավիաչվերթները մինչ օրս իրականացվում են:
«Այսօր իրականացվում են չվերթներ դեպի Բեռլին, Վիեննա և Ամստերդամ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի զգուշորեն, բայց բացենք սահմանները առաջին իսկ հնարավորության դեպքում», – հայտարարել է Գախարիան:
Ըստ նրա, կառավարության նման մոտեցման պատճառը «մեր քաղաքացիների առողջությունն» է: Դրա հետ մեկտեղ, Գախարիան նշել է, որ որոշ հեռուստաընկերություններ «շահարկումներ են տարածում» այն մասին, թե ինչու է հետաձգվել կանոնավոր ավիաչվերթների մեկնարկը:
Կառավարության ղեկավարը հորդորել է չմոռանալ, որ տարածաշրջանի շատ երկրներում լուրջ համաճարակաբանական բռնկում է նկատվում: Մինչդեռ, ոչինչ չի սպառնում Վրաստանի հարաբերություններին ԵՄ-ի հետ տրանսպորտի առումով, ասել է վարչապետը:
«Միլիոներորդ անգամ կկրկնեմ, որ մեր կատարած յուրաքանչյուր քայլ առաջին հերթին պայմանավորված է մարդու առողջությամբ և մեր ձեռքբերումներով: Երբ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, նոր վարակների թիվը մեզ մոտ միանիշ թվերով է որոշվում, իսկ այլ երկրներում ամեն օր հարյուրավոր մարդիկ են վարակվում: Մենք դա պետք է հաշվի առնենք: Մենք պետք է իմանանք, որ այդ հնարավորությունը մեզ տալիս է մեր քաղաքացիների ճիշտ պահվածքը, ինչպես նաև սահմանների և կարանտինային մեխանիզմների արդյունավետ վերահսկողությունը», – ընդգծել է Գախարիան:
Վրաստանը մտադիր է հատուկ ավիաուղիների համար բացել օդային տարածքը հուլիսի 1-ից՝ չնայած կանոնավոր չվերթների վերսկսումը մինչև օգոստոս հետաձգելու որոշմանը: