Ախալքալաք-Կարծախ միջազգային ավտոճանապարհի սկզբնական հատվածը շարունակում է դժվարանցանելի մնալ: Քաղաքի այս հատվածի բնակիչները բողոքում են բազմաթիվ փոսերից և քանդված ասֆալտից։ Տեղական իշխանությունների ջանքերով այս տարածքում խճաքար է լցվել։ «Արալի» ընկերությունը, որը պետք է իրականացնի փոսային նորոգումը, խոստացել է 5-6 օրից ասֆալտապատել։

Ախալքալաք-Կարծախ ճանապարհի անմխիթար վիճակի մասին Jnews-ը բազմիցս գրել է: Տարեսկզբին Ճանապարհային վարչությունից մեզ ասել էին, որ ճանապարհի վերականգնումը կիրականացվի այս տարի։ Հունիս ամսին Կարծախ գյուղի կողմից սկսվեց ճանապարհի վերականգնումը։ Ճանապարհը վերականգնում են երկու ընկերություններ՝ «ՋավախԱվտոԳզա»-ն և «Արալի»-ն: Ճանապարհի 22 կմ-ը՝ սկսած Կումուրդոյի շրջադարձից մինչև Կարծախ, ասֆալտապատվել է «ՋավախԱվտոԳզա» ընկերության կողմից։ «Արալի» ընկերությունն ասֆալտապատել է ճանապարհի 10 կմ-ը՝ «Կարծախ» անցակետից սկսած, ինչպես նաև «Արալի» ընկերությունը պետք է ասֆալտապատեր «Գորոդոկ»-ի հատվածը՝ մայրուղու սկզբնամասը։

Հունիսի 13-ին «Արալի» ընկերության ներկայացուցիչը Jnews-ի հետ զրույցում ասել էր, որ մոտակա օրերին կսկսեն «Գորոդոկ»-ի հատվածի աշխատանքները, սակայն մոտ երկու ամիս է անցել, ճանապարհը չի վերանորոգվել։ Փոսերը մեծացել են ու ավելի խորացել։

Բացի այդ, մայրուղին ընդհանրապես չի սպասարկվում, ճանապարհի երկու կողմերում կեղտը և գերաճած խոտը փչացնում են ընդհանուր տեսքը: Բնակիչներն արդեն հոգնել են խոսել ջրանցքների մասին, որոնցով ջուրը չի հոսում կուտակված կեղտի ու քանդվածքների պատճառով։ Նշենք, որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը սպասարկում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։

Այս ճանապարհահատվածի բնակիչների խոսքով, օգնության համար, իրենք ստիպված են եղել դիմել տեղական իշխանություններին։ Այս տարածքի բնակիչներից մեկի խոսքով, Սակրեբուլոյի միջնորդությամբ, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը մոտ 10 օր առաջ, խորը փոսերը լցրել է խճաքարով, որպեսզի ինչ-որ կերպ օգնի վարորդներին։

Jnews-ի հետ զրույցում «Արալի» ընկերության ներկայացուցիչ Գոդերձի Բոլքվաձեն եւս մեկ անգամ խոստացավ, որ 5-6 օրից այս վայրում փոսային նորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Jnews-ը հետեւողական կլինի այս հարցում եւ մեկ շաբաթից կգնա այդ տեղամասը։