Եվրախորհրդարանը հավանություն է տվել «Արևելյան գործընկերության մասին» բանաձևին: Լիագումար նիստի ընթացքում փաստաթղթի օգտին կողմ է քվեարկել 507 պատգամավոր, դեմ՝ 119-ը, իսկ ձեռնպահ է մնացել՝ 37-ը: Այս հարցով ելույթ է ունեցել լիտվացի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Փաստաթղթում ասվում է, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը չի նախատեսում անդամակցություն Եվրամիությանը, բայց «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը կարող է արագացնել ԵՄ-ին փուլային ինտեգրման գործընթացը: Եվրապատգամավորները Եվրամիության Խորհրդին կոչ են անում անհատական կարգով առաջարկել համագործակցության ընդլայնված ռազմավարություն երեք գործընկերներին՝ Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:

Ստրասբուրգը նաև առաջարկում է Եվրամիությանը՝ սկսել «Արևելյան գործընկերության» երկրների հետ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գործընթացը: Մտածվածի համաձայն, սա պետք է հանգեցնի «չորս ազատությունների»՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ինտեգրմանը: Պատգամավորները նաև կոչ են անում ԵՄ խորհրդին ավելացնել «Արևելյան գործընկերության» երկրների ֆինանսական աջակցությունը: Բանաձևում ասվում է, որ դրամական օգնությունը պետք է համապատասխանեցվի արևելյան հարևանների հատուկ կարիքներին:

Փաստաթղթի հեղինակները, դրա հետ մեկտեղ, նշում են չափանիշներն ու պայմանները` առավել սերտ քաղաքական գործընկերության և մասնակից-երկրների կողմից ֆինանսական ծրագրերի աջակցության ստացման համար: Դրանք են՝ արդյունավետ և կայուն ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը, կոռուպցիայի և նեպոտիզմի դեմ պայքարը, ԶԼՄ-ների ազատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:

Եվրապատգամավորները դատապարտում են նաև Ռուսաստանի գործողությունները՝ որպես ագրեսորի: Բանաձևում ասվում է, որ «Արևելյան գործընկերության» վեց անդամներից հինգը ունեն չլուծված տարածքային հակամարտություններ: Ստրասբուրգը դատապարտում է Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի խախտումը և կոչ է անում անհապաղ դուրս բերել օտար զորքերը բոլոր օկուպացված տարածքներից: