Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց: Այս մասին Ղարիբաշվիլին հայտարարեց ժամը 17:00-ին հրավիրած հատուկ ճեպազրույցի ընթացքում:

«Ես ուզում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք մեր թիմի հետ, այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը»,- հայտարատել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքը քաղխորհրդից առաջարկ է ստացել ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը, ինչի կապակցությամբ փետրվարի 1-ին համագումար է տեղի ունենալու։

Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ 2021 թվականի փետրվարի 22-ից։ Իշխող կուսակցությունը նրան կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակեց այն բանից հետո, երբ այն ժամանակվա վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին։

Ղարիբաշվիլին քաղաքականություն է մտել 2012 թվականին «Վրացական երազանք»-ի միջոցով։ Նա մեկ տարի եղել է ներքին գործերի նախարարը, իսկ 2013 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել է Բիձինա Իվանիշվիլիին։ Նա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականի վերջը. դեկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանքի» կառավարություն Գախարիայի վարչապետության օրոք։