Թբիլիսիում տեղի ունեցավ «Վրաստանում ապրող էթնիկ հայերի ընտրական վարքագիծը» հետազոտության արդյունքների շնորհանդեսը:
Հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Թբիլիսիում տեղի ունեցավ նշված հետազոտության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին միջազգային ու տեղական ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ի, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախագիծը իրականացրել է «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժումը, հետազոտությունը անցկացրել է Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոնը` Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Բարեփոխումների աջակցության, զարգացման և ուսուցման կենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Բոլոր երեք կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթներ ունեցան, հետո տեղի ունեցավ հետազոտության արդյունքների շնորհանդեսը:
«Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի խոսքերով, էթնիկ հայերի մասնակցությունը ընտրություններին նվազել է. դրա պատճառները իմանալու նպատակով` անցկացվեց նշված հետազոտությունը:
«Հիմնական պատճառը` դա թույլ տեղեկացվածությունն է, թույլ մոտիվացիան: Տեղեկացվածությունը ոչ միայն այն մասին, թե ով է քաղաքական սուբյեկտև ում պետք է ընտրեն, այլ նաև ամբողջ ընտրական գործընթացի մասին: Ինչպիսի մեխանիզմեր գոյություն ունեն, որպեսզի ճիշտ անցկացվեն ընտրությունները: Սա երկու հիմնական պահերն են, որ ընտրողները վատ գիտեն», – ասում է Առնոլդ Ստեփանյանը:
Նա չի բացառում, որ դրա պատճառ կարող է լինել քաղաքական սուբյեկտների ներկայացրած տեղեկատվության անհասանելիությունը հասկանալի` հայերեն լեզվով, ինչպես նաև տեղական ընտրական հանձնաժողովների աշխատանքը:
Հետազոտությունը անցկացվել է Ասպինձայի, Ախալքալաքի, Ախալցիխեի, Բորժոմի, Նինոծմինդայի ու Ծալկայի շրչաններում: Հարցման են ենթարկվել 341 մարդ:
Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոնի Կովկասում տարածաշրջանային տնօրեն Եվա Շլինսկիի խոսքերով, որոշ ասպեկտներում իրենց կանխատեսումները հաստատվել են, բայց կային նաև անսպասելի պահեր:
«Նորություն էր այն, որ նոր սերնդի մոտ վերաբերմունքը այլ է, 18-ից մինչև 30 տարեկանները ավելի ակտիվ են. կարծում են, որ քաղաքական գործընթացները` որպես քաղաքացու, իրենց իրավունքն ու պարտականությունն է», – ասում է Եվա Շլինսկին:
Նա նշեց գենդերային հարցի մոտեցման տարբերությունների մասին:
«Մենք հարցնում էինք, ինչպես են վերաբերվում կին թեկնածուներին ձայն տալուն: Հարցվածների 70 տոկոսից ավելին պատասխանեցին, որ իրենք ձայն կտան թեկնածու կանանց, բայց այլ հարցերում մենք հայտնաբերեցինք, որ ընտրությունների ժամանակ կանայք հավաքում էին շատ քիչ ձայներ: Սա անհամապատասխանություն է», – ասում է Եվա Շլինսկին:
Խորհրդատվությունները, որոնք կազմվեցին այս հետազոտության հիման վրա, կուղարկվեն ոչ կառավարական կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Խորհրդարանին, գործադիր մարմիններին, որոնք զբաղվում են փոքրամասնությունների հարցերով:
Վրաստանի ԿԸՀ-ի Բարեփոխությունների, զարգացման ու կրթության կենտրոնի փոխտնօրեն Նինո Բերուլավայի խոսքերով, այսպիսի նախագծերը օգնում են տարածաշրջանների էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը ընտրական գործընթացին ու բարձրացնում են հասարակական ինքնագիտակցությունը:
Կենտրոնը տարածաշրջաններում գրանտային մրցույթի շրջանակներում համաֆինանսավորել է 13 նախագծեր:
Շուշան Շիրինյան