«Transparency International Georgia»-ն հրապարակել է հասարակական կարծիքի՝ «Ընտրություններ և մասնակցություն քաղաքականությանը» հարցման արդյունքները։
Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, Վրաստանի մեծահասակ բնակչության 79%-ը կարծում է, որ վրաց քաղաքականությանը նոր քաղաքական ուժ է հարկավոր:
Հարցման ընթացքում հարց է տրվել այն մասին, թե որքանով տեղյակ են հարցվածները սահմանադրական այն փոփոխությունների մասին, որոնք Վրաստանի խորհրդարանը տապալել է 2019 թվականի նոյեմբերին, ինչը նպատակ ուներ ամբողջովին անցնելու համամասնական ընտրակարգին: Այս մասին տեղեկացվել էր հարցվածների 64%-ը: 64%-ի մեծ մասը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների ձախողման պատճառը Բիձինա Իվանիշվիլիի անձնական որոշումն է, կամ էլ իշխող կուսակցության քաղաքական որոշումը: Նույն 64%-ի ⅔-ից ավելին աջակցում է երկրում համամասնական համակարգի գոյությանը:
Ուսումնասիրության շրջանակներում հարց է տրվել, թե ինչպես է միջին ընտրողը գնահատում իր մասնակցությունն ընտրություններին և Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների դերը երկրի զարգացման գործում: Հարցվածների ⅔-ը քաջ գիտակցում են իրենց դերը և համաձայն չեն այն կարծիքի հետ, որ ընտրություններին իրենց մասնակցությամբ ոչինչ չի փոխի:
Ուսումնասիրության համաձայն, բնակչության մեծամասնությունը կարծում է, որ Վրաստանի զարգացման համար կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիները` էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, մասնակցեն քաղաքական գործընթացներին:
Հարցումն անցկացրել է «Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը»՝ 2020 թվականի փետրվարի 27-ից մարտի 18-ը, և դրան մասնակցել է ամբողջ երկրից 1 763 մարդ: Ուսումնասիրության միջին սխալման շեմը 2,2 տոկոսային կետ է: