Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Այսօր, հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, րոպեներ առաջ հրապարակեց Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։

Քոչարյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Գրավի միջնորդության մեջ, ի թիվս այլի, պաշտպանները նշել էին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքը, ընդգծել, որ Քոչարյանը 66 տարեկան է, ունի հիվանդություններ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն մերժել էր պաշտպանների միջնորդությունները, որի դեմ նրանք վերաքննիչ բողոք էին ներկայացրել:

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։