Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։
Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։
Մյուս ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողով անցնելու համար։ ԱԺ չի անցել նաև նախկին իշխող ՀՀԿ-ն՝ հավաքելով 4,7%:
Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեին առնվազն 5%:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 48.63%-ը։ Մասնակցել է 1.260 մլն ընտրող 2.592 մլն ընտրողից։
Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էին քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: