Մինսկով Երևան կժամանեն եվրոպական երկրներում գտնվող Վրաստանի քաղաքացիները, որոնք օդանավակայանից անմիջապես ավտոբուսներով կմեկնեն Վրաստան: «Բելավիա» ավիաընկերության հատուկ չվերթով՝ մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան և կտեղափոխվեն պարտադիր 14-օրյա կարանտինի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է՝ այն քաղաքացիները, ովքեր մտադիր են Երևանով հայրենիք վերադառնալ, ապա պետք է կապ հաստատեն Վրաստանի դեսպանության հետ։ Հայրենիք վերադառնալուն պես նրանք բուժզննում կանցնեն և կտեղափոխվեն պարտադիր 14-օրյա կարանտինի։

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Մարտի 21-ից երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

Հարկ է նշել, որ Վրաստանի ու Հայաստանի համագործակցության արդյունքում ապրիլին հնարավոր դարձավ ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողի Հայաստան տեղափոխումը: