Հուլիսի 1-ից Վրաստանն իր սահմանները բացում է այն երկրների զբոսաշրջիկների համար, որոնք համարվում են անվտանգ` համաձայն տվյալ երկրում համաճարակաբանական իրավիճակի, կորոնավիրուսի դեմ երկրի առողջապահական համակարգի պատրաստավածությամբ՝ չեղյալ է հայտարարում պարտադիր երկշաբաթյա կարանտինը: Սակայն, դեռ անհայտ է, թե կոնկրետ ո՞ր երկրների քաղաքացիները կկարողանան առանց խոչընդոտի ժամանել Վրաստան:
Jnews-ի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր երկրներից է հնարավոր ժամանել Վրաստան, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարող են գալ Վրաստան, և արդյո՞ք նրանց հարկավոր է COVID անձնագիր՝ կառավարության թեժ գծից պատասխանեցին. «Կգնահատվի այս կամ այն երկրում համաճարակաբանական իրավիճակը, առողջապահական համակարգի պատրաստվածությունը: Եվ բնականաբար, անվտանգ երկրներից քաղաքացիները կարող են գալ Վրաստան: Սակայն դեռ հայտնի չէ, անհրաժեշտ է արդյո՞ք COVID անձնագիր»:
«Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Թամար Արչուաձեն երեկ հայտարարել էր, որ հուլիսի 1-ից չեղարկվում է այն նորմը, որ Վրաստանում բոլոր այցելուները՝ ինչպես տեղացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր երկշաբաթյա կարանտին:
Կառավարության թեժ գծից Jnews-ին պարզաբանեցին. «Հուլիսի 1-ից Վրաստանը կվերականգնի միջազգային ավիաչվերթները, զբոսաշրջիկները, բնականաբար, կժամանեն և նրանց համար հնարավոր է չեղարկվի պարտադիր կարանտինը: Բայց, դեռևս կոնկրետ տեղեկատվություն չկա»:
Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանը ենթադրում էր, որ Իսրայելը կլինի այն առաջին երկրներից մեկը, որտեղից Վրաստանը կընդունի զբոսաշրջիկներին: Բայց Իսրայելից զբոսաշրջիկներ ընդունելու բանակցությունները հետաձգվեցին: Պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել, բայց Իսրայելում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թվի աճի պատճառով, ծրագրերը խափանվեցին:
Հուլիսի 1-ից Եվրահանձնաժողովի հանձնարարականների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մեկնել Շենգենյան գոտու երկրներ: