14-րդ դարում կառուցած հսկայական «Վանք» եկեղեցական համալիրը, որն ավելի հայտնի է Հարանց վանք անվամբ, առաջնորդանիստ եռագմբեթ եկեղեցի է եղել: Բոլորովին վերջերս շինարարական աշխատանքների ժամանակ Վանքի տարածքում հայտնաբերվել են հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր: JNEWS-ը խոսել է հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական Մշակութային ժառանգության մասնագետ` Լևոն Չիդիլյանի հետ:
Վանք Մայր Տաճարը բացառիկ ճարտարապետական լուծումներ է ունեցել: Եկեղեցին եռագմբեթ է եղել, որովհետև երեք եղբոր կողմից է կառուցված եղել և նրանք որոշել են, որ առանձին-առանձին եկեղեցի չկառուցեն, այլ կառուցեն մեկ եկեղեցի երեք խորանով, դարերի ընթացքում եկեղեցին բազմիցս վերափոխվել և վերանորոգվել է:
Մինչև եկեղեցու վերջնական փլուզումը վերջին ընդարձակ վերանորոգումը եղել է 1902 թվականին Ալեքսանդր Մանթաշյանցի ֆինանսական աջակցությամբ:
Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական Մշակութային ժառանգության մասնագետ Լևոն Չիդիլյանը JNEWS-ին հետ զրույցում ասաց, որ Վանքի Մայր Տաճարը ոչ միայն հոգևոր, այլ նաև մշակութային կենտրոն է եղել, որովհետև ինչպես գիտենք Ներսիսյան դպրոցը հենց վանքի խցերում է հիմնադրվել Ներսես Աշտարակեցու կողմից, հետո միայն 1824 թվականին տեղափոխվել նոր շենք եկեղեցուց 300-400 մետր հեռավորության վրա:
Վանքի տարածքում գործել է ազգային պանթեոն, և այնտեղ են թաղվել ժամանակի երևելի թիֆլիսահայերը և մեծերը` օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ:
Կարդացեք նաև՝
Օրեր առաջ հայտնաբերված մասունքները վերաթաղվել են Խոջիվանքում
Թբիլիսիի հայկական պանթեոնին են տեղափոխվել հնագույն դամբարանների մնացորդներ
Խորհրդային շրջանում իրականացվող «կարմիր տեռորի» տարիներին, ի թիվս մյուս եկեղեցիների, ավերվել ու ոչնչացվել են նաև Վանքի համալիրն ու պանթեոնը, իսկ տապանաքարերն օգտագործվել են որպես շինանյութ ու սալիկ` տեղի ու քաղաքի այլ շենքերը կառուցելիս: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան և երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որն այսօր բնակելի շենքի հատվածն է կազմում, տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի Մշակույթի նախարարության շենքը, որը երկու փուլով է կառուցվել: Առաջին շենքը կառուցվել է 1960-ականներին, իսկ մյուսը՝ 1970-ական թվականներին, և հենց այդ ժամանակ շինարարական աշխատանքների ընթացքում գտնվել է Կոմս Միքայել Լոռիս-Մելիքովի աճյունն ու տապանաքարը, և այն ժամանակ արդեն տեղափոխվել է այսօրվա առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակ:
Վանքը, բացի կրթական, կրոնական կենտրոն լինելուց, նաև ազգային պանթեոն է եղել, որտեղ թաղված են եղել Ալեքսանդր Մանթաշյանը՝ իր կնոջ հետ, գեներալներ Հակոբ Ալխազովը, Արշակ Տեր-Ղուկասովը, հասարակական գործիչներ Աբգար Հովհաննիսյանը, Պետրոս Սիմոնյանը, Գաբրիել Սունդուկյանը, Թբիլիսիի երկարամյա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանցը, ինչպես նաև վիրահայ թեմի առաջնորդ Գաբրիել Այվազովսկին:
Լուսանկարները JNEWS-ին է տրամադրել հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը