ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է երկրում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու որոշումը:
Այսպիսով՝ Հայաստանում մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից ժամը 17:00-ից երկարաձգել մինչեւ հուլիսի 13-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ այս շրջանում կսահմանափակվի նաեւ Հարկադիր կատարում ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետեւանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ չեզոքացնելու համար:
Այսօր Ազգային ժողովում կանցկացվի նաև հատուկ նիստ՝ որտեղ կքննարկվեն երկարաձգված արտակարգ դրության մանրամասները:
Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 612-ով: Մահվան ևս 17 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 258 դեպք կա, այլ պատճառով՝ 86։ Դուրս է գրվել ևս 173 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5639 է։ Փաստացի բուժվողները 9298-ն են։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 77 686 թեստ։