Միջազգային և տեղական հրապարակված պաշտոնական տեղեկություններով բոլորը տեղեկատվություն են ստանում «չոր» թվերի մասին, թե օրեկան վարակի քանի դեպք գրանցվեց, քանի մարդու հաջողվեց կամ չհաջողվեց հաղթահարել համավարակը, քանիսը պատվասվեցին և ի՞նչ դեղաչափով: Իսկ ո՞վքեր են այդ թվերում ընդգրկված կամ դրանցից դուրս մնացած մարդիկ։

JNEWS-ը ներկայացնում է ոչ միայն թվեր, այլև դրանց հետևում ընկած պատմություններ։

Զրուցել ենք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որոնցից յուրաքանչուրն ունի կորոնավարակյան իր պատմությունը:

Մեր առաջին հերոսը հասարակական կազմակերպության գործող տնօրեն է, ով կորոնավարակի թեստի դրական պատասխանը ստանալուն պես մեկուսացվել է, և սկսել աշխատել տնից, չնայած նրան, որ շատերը գաղտնի պահելով հիվանդությունը, շարունակում են անխնա տարածել վարակը:

«Իմ կարանտինը շատ արդյունավետ էր աշխատանքիս համար: Հիվանդությունս թեթև էր, և քանի-որ հնարավոր էր նաև հեռավար աշխատել, ես աշխատում էի տնից և ավելի շատ բան էի հասցնում անել, որովհետև ճանապարհի վրա ժամանակ չէի վատնում:
Մեկ-մեկ մտածում եմ աշխատանքի լարված պահերին կարանտինի մեջ լինել, որ ավելի արագ և արդյունավետ գործ անեմ: Բայց պետք է նշեմ նաև այն, որ մի տեսակ անարդար էր այն տեսանկյունից, որ մեկուսացման պայմաններում առօրյա իրեր, սնունդի համար դիմում էի ինձ մոտ մարդկանց: Այն դեպքում, երբ շատերը վարակված լինելով շրջում էին քաղաքում, շփվում մարդկանց հետ նույնիսկ առանց դիմակի»:

Համավարակն իր ծանր ազդեցությունն է ունեցել նաև ուսանողների «ուսանողական կյանքի» որակի վրա:

«Ինչպես գիտենք, քովիդ վիրուսի պատճառով լիովին փոխվեց մեր կյանքը: Ուսումնական հաստատություններն ամբողջիվին անցան հեռավար ուսուցման։ Հիշում եմ, երբ առաջին անգամ մասնակցեցի հեռավար դասի, այդ ժամանակ շատ զավեշտալի դեպք պատահեց ինձ հետ։ Դասի ժամանակ երբ դասախոսը ինձ դաս հարցրեց ես արագ ման էի գալիս, որ կարդամ, բայց տեղը չգտա, ստիպված ասացի, որ չեմ լսում իրեն։

Ի դեպ ուզում եմ պատմել ևս մի հետաքրքիր, և ինչ խոսք նաև ծիծաղելի դեպքի մասին: Մի անգամ ես հովիվ էի, բայց այդ օրը 4 սեմինար ունեի, բայց հասցրեցի բոլոր դասերին մասնակցել։ Այդ ժամանակ դասախոսն ասաց՝ միացրեք ձեր տեսախցիկները, երբ ես միացրեցի, նա նույնպես ծիծաղեց։

Այսպես է մեր կյանքը այս ծանր ու դժվարին ժամանակներում։ Կարծում եմ բոլորս արդեն կիսով չափ համակերպվել ենք հեռավար ուսուցմանը։ Բայց հույս ունեմ, որ գոնե սեպտեմբերից կվերադառնանք լսարաններ», – պատմում է Թբիլիսիի պետական համասարանի ուսանող Աղվան Շիրինյանը:

Դժվարություններից զերծ չեն մնացել նաև աշակերտները: Մեր դպրոցական հերոսը 10-ամյա Անահիտն է, ով մինչև օրս չի համակերպվում իր մշտական, ոչ ցանկալի ընկերոջ՝ դիմակի հետ, որն ամեն առավոտ պարտադրում են կրել դպրոց գնալիս:

«Մայրիկս ինձ ստիպում է դպրոց գնալիս դիմակ կրել, որպեսզի չհիվանդանամ, բայց ես համաձայնվել եմ այն կրել միայն մի դեպքում, եթե թողնեն գունավոր ծաղիկներ նկարեմ դրանց վրա: Իմ դասարանի տղաներն ասում էին, որ բոլորիս դիմակները իրար նման են, և կապույտը տղայական գույն է: Ես էլ որոշեցի դրանք գունավորել և դարձնել վառ ու գեղեցիկ, նույնիսկ մրցույթ էինք կազմակերպել, թե ում դիմակի ծաղիկներն ավելի գեղեցիկ կլինեն»:

dimak

Համավարակը մարդկանց կյանքում շատ փոփոխություններ մտցրեց՝ և դրական, և բացասական: Այսպիսի պատմություններ կարելի է անվերջ լսել: Նմանօրինակ պատմություններին Jnews-ը դեռ կանդրադառնա:

Լիդա Ալմասյան