Երկու 2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին:
Լուրը տարածելու հաջորդ օրը, ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատել՝ նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել:
Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում:
Հայաստանով մտահոգ վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում ընդամենը մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Ժամեր անց դրանք, արդեն իսկ գնված 10-ի հետ միասին վրաց-հայկական սահմանում էին: Սահման հասցնելու գործը կազմակերպեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող Հայաստան համահայկական հիմնադրամի գործընկերների կողմից անմիջապես տարվելու են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկություններով դրանց մեծ մասը մնալու է Նորքի ինֆեկցիոնին, մի քանիսը տրամադրվելու են մարզերին (այս մասին հավելյալ կտեղեկացնենք):
Այս պահին Թբիլիսիում ՀՀ-ին օգնելու զուգահեռ մի քանի նախաձեռնություն է ընթացքի մեջ: Նախօրեին մեկնարկել է «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքը:
GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը, կամ ստիպված են գործի բերումով հաճախ օգտվել տրանսպորտից, կամ լինել մարդաշատ փակ տարածքներում:
Այսօր նաև 3000 դիմակ է ուղարկվել Հայաստան, որոնք տրամադրել է թբիլիսաբնակ անհատ ձեռներեց Վարդան Մանուչարյանը:
Նյութը արտատպված է Aliq Media-ից