Աշխատանքը վերսկսելու թույլտվություն ստանալու համար հյուրանոցները պետք է ստուգվեն Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից: Իսկ ստուգումն անցնելու համար յուրաքանչյուր սեփականատեր պետք է գրանցվի և հայտ ներկայացնի նախարարության կայքում:
Այսօրվանից սկսած, հյուրանոցների աշխատանքի սահմանափակումները հանվել են ամբողջ Վրաստանում, սակայն կարանտինից հետո կարող են սկսել հյուրերին ընդունել միայն այն հյուրանոցները, որոնք ստուգվել են և համապատասխան թույլտվություն ունեն: Թույլտվություն ստանալու համար հյուրանոցի սեփականատերը պետք է գրանցվի Վրաստանի Առողջապահության նախարարության կայքում, բայց Ախալքալաքում հյուրանոցի սեփականատերերը չեն գրանցվել:
Գրանցման ուղեցույցը
Կարող եք գրանցվել այստեղ
Ախալքալաքում որոշ հյուրանոցատերեր տեղեկացվել էին, որ այսօրվանից իրենց գործունեությունը թույլատրվում է, որ կա թույլտվություն, իսկ ոմանք այդ մասին ընդհանրապես չգիտեին, սակայն ոչ առաջինները, ոչ էլ վերջինները՝ չգիտեին, որ անհրաժեշտ է գրանցվել Առողջապահության նախարարության կայքում: Ախալքալաքի որոշ հյուրանոցներ արդեն սկսել են նախապատրաստվել աշխատանքների վերսկսմանը:
Ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, հատուկ հանձնաժողովը պետք է ստուգի, եթե հյուրանոցը բավարարում է բոլոր պահանջներին, ապա կթույլատրվի բացել:
«Սեփականատերերը նախ պետք է գրանցվեն: Այն դեպքում, եթե չբավարարեն պահանջներին, ապա հանձնաժողովը հանձնարարականներ կտա», – ասում է Արմեն Մառանգոզյանը:
Ըստ նրա, հյուրանոցը պետք է լիովին համապատասխանի պահանջներին, նախ և առաջ բոլոր համարները պետք է ամբողջովին ախտահանվեն, հյուրանոցը պետք է ունենա բոլոր միջոցները ախտահանման, նաև դիմակներ:
Հյուրանոցները պետք է ունենան նաև մուտքերի մոտ ախտահանիչ գորգեր, անցկացնեն ջերմաչափում, ապահովեն տարածքների բնական օդափոխությունը, ունենան բավարար միջոցներ մակերեսների ախտահանման համար՝ օրական առնվազն 3 անգամ, ապահովեն, որ մարդաշատ վայրերում հեռավորությունը՝ առնվազն 2 մետր, տեսանելի վայրում տեղադրված լինի վիրուսի տարածման և դրանից պաշտպանվելու մասին տեղեկություն և այլն: Ավելի մանրամասն կարող եք կարդալ հյուրանոցների և բացօթյա/փակ լողավազանների համար Վրաստանի կառավարության ընդհանուր հանձնարարականները: