Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել խաղաղ կերպով լուծել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Իսկ Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Այսօր, ապրիլի 5-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին «գործադրել հնարավոր ջանքերը խաղաղ լուծելու լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գործի կդնեն բոլոր ջանքերը մեղմելու լարված իրավիճակը և խաղաղ, դիվանագիտական միջոցներով, միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», – ասել է Մարգվելաշվիլին:
Այս հայտարարությունն արվել է Թբիլիսիում, Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի շաբաթվա ժամանակ հանրային դիվանագիտության միջազգային համաժողովի շրջանակներում:
Իր հերթին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին խոսել է հեռախոսով իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, այս մասին հաղորդում է`Վրաստանի պաշտպանության նախարարության թողարկումը: Թինաթին Խիդաշելին հույս է հայտնել, որ զինադադարը հնարավոր կլինի, և գործընթացը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ նախարարի տարածաշրջանում կայունությունը էապես կարևոր է Վրաստանի համար, և միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր միջոցները, իրավիճակի հակաթեժացման համար:
Էդիտա Բադասյան