Թելավիի սակրեբուլոյի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Լևան Բերձենաշվիլին «Օտարերկրյան գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով կլքի կուսակցությունը և իր զբաղեցրած պաշտոնը սակրեբուլոյում։ Բերձենաշվիլին ղեկավարում է ընթացակարգային և իրավական հարցերի հանձնաժողովը։
Բերձենաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ մինչև այս տարվա հունիսի 10-ը արձակուրդում է, իսկ սակեբուլո վերադառնալուն պես կհեռանա «Վրացական երազանքից» և կլքի իր պաշտոնը։
Բերձենաշվիլին այս տարվա ապրիլի 26-ին քաղխորհրդի նիստում խոստացել էր, որ եթե իշխող թիմը հետ չկանչի «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ապա ինքը կհեռանա կուսակցությունից։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 28-ին, խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության 84 պատգամավորների աջակցությամբ ընդունեց «գործակալների մասին» օրենքը։