«Գիտելիքի վրա հիմնված էկոնոմիկան և մարդկային կապիտալի զարգացումը մեր կառավարության բացարձակ առաջնահերթությունն է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Վրաստանը և աշխարհը 2019 թվականին» տնտեսական կոնֆերանսի ժամանակ:
Նրա խոսքով, Վրաստանը երբեք չի ընդգրկվի զարգացած տնտեսություն ունեցող երկրների թվում, եթե մասշտաբային ներդրումներ չիրականացնի կրթության սեկտորում:
«Մեզ, որպես երկիր գլխավոր ակտիվը մեր հասարակությունն է, մեր մարդիկ: Ես բազմիցս նշել եմ, որ այո, մենք տնտեսական քաղաքականությամբ, որն իրականացնում ենք, կկարողանանք նվազեցնել աղքատությունը, սակայն Վրաստանը երբեք չի ընդգրկվի զարգացած տնտեսություն ունեցող երկրների ցանկում, եթե չիրականացնենք մասշտաբային ներդրումներ կրթության ոլորտում»,- հայտարարել է Բախտաձեն:
Վրաստանի վարչապետը իր ելույթի խոսքում անդրադարձել է նաև երկրի տնտեսական զարգացմանը և հայտարարել, որ բարեփոխումները, որոնք վերջին տարիներին անցկացվել են Վրաստանում, տվել են շոշափելի արդյունքներ: