Այսօր՝ ապրիլի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում «Ախալքալաքի ՀԷԿ -1» և «Ախալքալաքի ՀԷԿ -2» շինարարական նախագծի մենեջեր Լաշա Մգելաձեի և սոցիալական հարցերի ղեկավար Նինո Թևդորաշվիլիի հետ:
Հանդիպումը կայացավ Սակրեբուլոյի շենքում: Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ Աղվան Աբաջյանը:
«Մենք մունիցիպալիտետում ամեն տարի ծառատունկ ենք իրականացնում, այս տարի դրա համար գումար չունենք, ուստի խնդրեցինք նրանց օգնել մեզ, ինչպես նաև օգնել բարեկարգել ճանապարհները, որտեղով տեղաշարժվում է նրանց տեխնիկան», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Վերջին տարիներին, Ախալքալաքի մունիցիպալիտետում, ապրիլին անց է կացվում ծառատունկ: Այս տարի ՀԷԿ-երի ներկայացուցիչները խոստացել են մունիցիպալիտետին տրամադրել 200 սոճու, 20 եղևնու և 50 կենսածառի տնկիներ:
Ըստ Նաիրի Իրիցյանի, իրենք պարտավորվել են երկու օրվա ընթացքում մաքրել և բարեկարգվել Կորխ և Օրջա գյուղերի շրջակայքի ճանապարհները, իսկ ծառատունկը կսկսվի, երբ մունիցիպալիտետում կորոշվի տնկիների տնկման վայրերը:
Ծառերը նախատեսվում է տնկել քաղաքի այն վայրերում, որտեղ կան կանաչ գոտիներ: Ծառատունկը կսկսվի մինչեւ ապրիլի 24-ը: