Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատել է տեղական բյուջեից բնակչության 2020 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների աղբահանման ծախսերը հոգալու սուբսիդիայի հատկացումը: Կսուբսիդավորվեն միայն Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի բաժանորդները:

Մայիսի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի լիագումար նիստում, պատգամավորները հավանություն տվեցին բնակչության աղբի հավաքման համար սուբսիդիայի հատկացմանը: Փակվելու է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի բոլոր անհատ բաժանորդների, ինչպես նաև այն իրավաբանական անձանց ծախսերը, որոնք չեն աշխատել այս տարվա մարտ, ապրիլ, մայիս ամիսներին:

Կարտիկամի և Դիլիսկայի տարածքային շրջանների պատգամավորները հանդես եկան այդ գյուղերի աղբահանության ծախսերը ևս հոգալու առաջարկությամբ, քանի որ Սպասարկման կենտրոնը չի սպասարկում այդ գյուղերը, աղբն այնտեղ հավաքվում է բնակիչների միջոցներով և նախաձեռնությամբ (3-3,5 լարի յուրաքանչյուր ընտանիքից): Նիստի ժամանակ որոշում ընդունվեց համապատասխան առաջարկով դիմել քաղաքապետարան:

Աղբահանության համար Սպասարկման կենտրոնը գումար է հավաքում միայն հետևյալ գյուղերից՝ Կուլիկամ, Բավրա, Խուլգումո, Խոսպիո, Մարտունի, Մուրջախեթ, Չամդուրա, Մաջադիա, Կորխ, Թոթխամ և Գոման:

Իրավաբանական անձանց համար քաղաքում և գյուղերում աղբի հավաքումը ամսական 1 խորանարդ մետրի համար արժի 25 լարի, իսկ ֆիզիկական անձանց համար, մեկ անձի համար՝ 40 թեթրի:

Սպասարկման կենտրոնը աղբահանման համար տարեկան հավաքում է մոտ 90 000 լարի, որի մի մասը ներառված է տեղական բյուջեում, իսկ մի մասը (կեսից ավելին) մնում է Սպասարկման կենտրոնի բյուջեում:

Թե որքան և ինչպես է սուբսիդիան փոխանցվելու Ախալքալաքի սպասարկման կենտրոնին, առայժմ պարզ չէ: Եվ նաև առայժմ պարզ չէ կվճարվեն արդյոք Սպասարկման կենտրոնի տեսուչները, ովքեր ստանում էին հավաքված գումարի 30%֊ ի չափով աշխատավարձ: