Երկար տարիներ Ախալքալաք քաղաքի կենտրոնական և գյուղեր տանող ճանապարհները մաքրվում են ձյունից։ Քաղաքային փողոցներն ու ներգյուղական ճանապարհները չեն մաքրվում, քանի որ դա թանկ կարժենա տեղական բյուջեի համար։ Հաճախ, սակայն, ներգյուղական ճանապարհների մաքրման անհրաժեշտություն է առաջանում։
Օրեր առաջ շտապօգնության մեքենան չի կարողացել Փոքր Սամսար գյուղում հասնել կանչի վայր, քանի որ առատ ձյան պատճառով գյուղի ներքին ճանապարհները փակ են եղել։ Գյուղացիների օգնությամբ բժիշկները մի կերպ հասել են հիվանդի մոտ։ Բազում նման դեպքեր կան, որոնց մասին մենք չենք իմանում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհների մաքրման աշխատանքները նախկինում իրականացվում էին այլ համակարգով։ Բայց, միեւնույն է, հիմնականում մաքրվում էին միջգյուղական ճանապարհները, իսկ ներգյուղական ճանապարհների ձյունը կրկին մնում էր բնակիչների խղճին։
Մինչեւ 2020 թվականը Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհները ձյունից մաքրում էր «Վեմ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը ձյուն մաքրող տեխնիկա քիչ ուներ, ուստի պայմանագրեր էր կնքում գյուղերի տրակտորիստների հետ, որպեսզի նրանք իրենց տեխնիկայով մաքրեին ձյունը։ Բայց մաքրության թույլտվություն նրանք ստանում էին ընկերությունից։
2020 թվականից ճանապարհների ձնամաքրման աշխատանքները իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունն ունի բավարար քանակությամբ տեխնիկա։ Գյուղերից աշխատողներ նրանք չեն վարձում։
«Վեմ» ընկերության նախկին աշխատակից Վարդ Մոսոյանի խոսքով, ընկերությունն ունեցել է ընդամենը երկու տեխնիկա, ուստի մաքրման համար գյուղերից տրակտորներ էին վարձում։ Բայց նա նշեց, որ գյուղերից աշխատուժ վարձելով, նրանք ժամանակ առումով շահում էին։
«Տրակտորիստները գյուղից էին, եթե պետք էր լինում, բնակիչները զանգում էին տրակտորիստին, նա զանգահարում էր քաղաքապետարան ու ինձ և ես թույլատրում էի մաքրել։ Այդպես ավելի արագ էր ստացվում, ամեն օր տրակտորիստներին վճարում էինք կատաարած աշխատանքի դիմաց, երբեմն լինում էր այնպես, որ օրական վճարում էինք 600-700 լարի։ Այդպես տրակտորիստներն էլ էին շահագրգռված մաքրելու գործում, երբեմն տեխնիկան փչանում էր, մաքրում էին 2-3 ժամ ուշացումով, բայց չի եղել այնպես, որ ճանապարհները օրերով փակ մնային»,- ասում է Վարդ Մոսոյանը։
Տեղական իշխանությունները կարծում են, որ ավելի լավ է, երբ մրցույթում հաղթում է խոշոր ընկերությունը, քանի որ նա և՛ շատ տեխնիկա ունի, և՛ ավելի շատ հնարավորություններ։
«ՋավախԱվտոԳզա»-ն շատ տեխնիկա ունի, եթե ինչ-որ բան շարքից դուրս գա, անմիջապես կուղղեն, իսկ երբ մասնավոր տեխնիկա է, ավելի դժվար է, նախ մենք վճարում ենք աշխատանքից հետո, բացի դրանից մինչև պահեստամասեր են գտնում, սարքում են, ժամանակն անցնում է, »- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ չեն մաքրվում գյուղի ներքին ճանապարհները, Իրիցյանը պատասխանեց.
«Տրակտորների գետնափորիչները շատ մեծ են, փողոցները նեղ են, տրակտորը չի կարող մտնել այնտեղ, երկրորդը՝ փողոցները քարքարոտ են, գետնափորիչը և տրակտորի մյուս մասերը կարող են կոտրվել։ Եթե մի փողոց մտնի, ապա այնտեղ երկար ժամանակով կլռվի, իսկ մեզ մոտ ժամավճար է»,- նշեց նա։
Կարտիկամից Սակրեբուլոյի պատգամավոր Գենադի Էլիզբարյանն ասում է, որ «ՋավախԱվտոԳզա» ընկերության տրակտորիստները, երբ միջգյուղական ճանապարհները մաքրում են, ներգյուղական մոտակա փողոցները մաքրելու անհրաժեշտության դեպքում մտնում են նաև այնտեղ։
«Օրինակ, Բավրա գյուղում ձյունը մաքրելիս ճանապարհից այն կողմ, Կուլիկամի ծայրամասում 20-30 տուն կա, եթե Կուլիկամ գյուղի այս փողոցը չմաքրվի, ուրեմն երկու կողմից էլ փակուղի կստեղծվի, թե Բավրայի կողմից, և թե Կուլիկամի, ուստի գյուղի այս փողոցը միշտ մաքրում են»,- ասաց Գենադի Էլիզբարյանը։
«ՋավախԱվտոԳզա» ընկերության և Ախալքալաքի քաղաքապետարանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 29-ի պայմանագրով ընկերությունը 2021 թվականին պարտավորվել էր մաքրել գյուղական ճանապարհները 24 ուղղություններով՝ ընդհանուր 174 կմ և Ախալքալաքի 14 փողոցներ՝ այդ փողոցների այն հատվածները, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնական մասում։
Անցյալ տարի մունիցիպալիտետը ձնամաքրման համար հատկացրել էր 100 հազար լարի, սակայն խնայել էր 65 հազար լարի, քանի որ ձյունն առատ չէր։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին, «ՋավախԱվտոԳզա» ընկերության և քաղաքապետարանի միջև, ստորագրվել էր գյուղական ճանապարհները ձյունից մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր։ Այն կնքվել է նույն պարտավորություններով, որոնք ամրագրված էին 2020 թվականի դեկտեմբերի 29-ի պայմանագրում։